Կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են, ունենք միայն բերովի դեպքեր. Անահիտ Ավանեսյան
Ոչ միայն կապված նեղոսյան տենդի, այլև կարմրուկով պայմանավորված մենք ունենք շատ լավ վիճակ: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակենք, որ չունենանք այդ բերովի դեպքերից հետո տարածում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարը հիշեցրեց, որ առաջիկայում գրիպի սրացման սեզոնն է: «Ես ուզում եմ առիթը օգտագործել, խորհուրդ տալ, հորդորել, որ բոլոր ռիսկի խմբում գտնվողները դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն գրիպի դեմ: Պատվաստանյութը հասանելի է. այս պահին արդեն պոլիկլինիկաները ունեն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։