չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին. Նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին. Նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում փետրվարի վերջին և  մարտի սկզբին հերթական անգամ տեսակցել են բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են վերջին ամիսների ընթացքում և 2020 թվականի վերջին։ Այս մասին civic.am-ին հայտնեց  Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։ Վերջինս, սակայն, ձեռնպահ մնաց գերիների վերաբերյալ հստակ թիվ նշել, քանի որ այդ տեսակի տեղեկությունները, ըստ նրա, կազմում են գրասենյակի  ու համապատասխան իշխանությունների երկխոսության շրջանակը և հանրային հրապարակման ենթակա չեն։ 

«Սակայն մեր հերթական տեսակցության ընթացքում, ինչպես  սովորաբար, այնպես էլ այս անգամ, հնարավորություն է տրվել բոլոր անձանց  կապը պահել իրենց հարազատների հետ Կարմիր խաչի նամակների, տեսաուղերձների, հեռախոսազանգերի միջոցով։ Իսկ նման այցերի նպատակը հետևյալն է՝ գնահատել պահման պայմանները, գերեվարված անձանց  առողջական  վիճակը, ինչպես նաև իրենց հանդեպ վերաբերմունքը։  Եվ ցանկացած նկատառում այս հարցերի առնչությամբ նույնպես ուղղվում են հիշյալ անձանց պահող իշխանություններին»,- պարզաբանեց տիկին  Ամատունին։  

Նկատեցինք, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ժամանակ առ ժամանակ ահազանգում էր Ադրբեջանում պահվող հայ գերիների  նկատմամբ ցուցաբերվող  անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների մասին, արդյոք, որպես գրասենյակի ներկայացուցիչ, կհաստատի՞ նախկին պաշտոնյայի խոսքերը՝ մեր զրուցակիցն արձագանքեց. «Մենք չենք կարող մեկնաբանություններ անել որևէ կազմակերպության հնչեցրած հայտարարության վերաբերյալ, քանի որ ցանկացած նկատառում կամ մեկնաբանություն, որը կարող ենք մենք ունենալ կամ հայտնել մեր տեսակցության շրջանակներում, քննարկում ենք այն իշխանությունների հետ, որոնք պատասխանատվություն են կրում գերեվարված անձանց պահման համար։  Այսինքն՝ մենք չենք ճշտում այդ  տեղեկությունները որևէ այլ իշխանությունների ներկայացուցիչների կամ կազմակերպությունների  հետ։ Եվ, իհարկե, ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է տվյալ անձանց, մենք քննարկում ենք իրենց ընտանիքների հետ։ Այսինքն՝ մենք չենք կարող հանրայնացնել մեր տեսակցությունների ժամանակ արձանագրված որևէ լավ կամ վատ բան»։   

Տիկին Ամատունուն խնդրեցինք մեզ ուղղորդել՝ ո՞ր կառույցը կարող է ավելի հանգամանալից տեղեկություն հաղորդել գերեվարված անձանց մասին։ Ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ  իրենցից բացի, ոչ ոք չի տեսակցում հիշյալ անձանց, քանի որ մուտքի իրավունք չունի, հետևապես՝ ինչպե՞ս կարող է գնահատել մարդկանց  վիճակը։ «Մենք նեյտրալ կազմակերպություն ենք։ Եվ բացի դրանից՝  մարդիկ իրավունք ունեն հեռու մնալու հանրային ամբոխի հետաքրքրությունից, քանի որ գտնվում են ծանր վիճակում։ Այսինքն՝ նրանց վիճակը հանրային հարթակում քննարկելը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից ինքնին համարվում է խախտում։ Եվ մենք, որպես միջազգային մարդասիրական իրավունքի պահապան կազմակերպություն, այդ իրավունքի կողմից ենք։ Սա, իհարկե, կողմերի համար հասկանալի մոտեցում է, և իրենք էլ՝ նկատի ունեմ երկու կողմերի իշխանություններին, ունեն հստակ պարտավորություններ՝ պահպանելու այդ իրավունքը։ Այսինքն՝ կողմերը գրանցում են մեր բարձրացրած խնդիրները, և հաջորդ այցելության ժամանակ մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչքանով, եթե նման կարիք կա, բարելավվել է անձանց  նկատմամբ վերաբերմունքը, կամ նրանց առողջական վիճակի հետ կապված խնդիրներն ինչպես են հասցեագրվել և այլն, և այլն։ Շեշտեմ, որ միջազգային մարդասիրական իրավունքը շատ հստակ սահմանում է, որ անձինք, որոնք ծանր վիճակում են, չպետք է դառնան հանրային քննարկման թեմա կամ առիթ»։ 

Նկատենք, սակայն, որ  մեզանում պարբերաբար խախտվում է միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող  հիշյալ նորմը, հանրային հարթակում հրապարակվում են գերեվարված անձանց լուսանկարները, անձնական տվյալները,  ընդհուպ՝ նրանց վերաբերյալ զանազան պատմություններ, ասեկոսեներ են շրջանառվում, որոնք բացասաբար են ազդում գերությունից վերադարձած անձի հոգեբանական վիճակի վրա, խանգարում են նրա սոցիալ-հոգեբանական վերականգնմանը։ 

Տիկին Ամատունին այս առումով կարևորեց նաև ԶԼՄ-ների առաքելությունը  և նշեց`լրագրողների հետ աշխատելիս շեշտում է, որ գերիներին առնչվող թեմաները լուսաբանելիս հարկ է այնպես անել, որ և՛ թեման լուսաբանվի, և՛ պահպանվեն էթիկական նորմերը։  

Մեր ճշտմանը՝ արդյոք  վերջին տեսակցության շրջանակներում քննարկվե՞լ է նաև գերեվարված անձանց հնարավոր  վերադարձի,  ժամկետների հարցը,  Ամատունին պատասխանեց. «Մենք ընդգրկված չենք  բանակցություններում, որոնք վերաբերում են ռազմագերիների կամ գերեվարված այլ անձանց վերադարձին, քանի որ բանակցությունները վարում են կողմերը, մենք միայն կարող ենք աջակցել իրենց վերադարձի հարցում, եթե համաձայնության են գալիս կողմերը։ Բանակցությունները, այսպես թե այնպես, ունենում են նաև քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական շրջանակ, բայց մեր կազմակերպությունը միանգամայն մարդասիրական է և ոչ քաղաքական, ուստի զերծ է մնում ցանկացած բնույթի բանակցություններից՝ կապված մարդկանց վերադարձի հետ։ Մենք շարունակում ենք իրենց տեսակցել ընդհուպ մինչև վերջին օրը, երբ կողմերը  որոշում են իրենց վերադարձնել, կամ այլ որոշում է կայացվում։ Սակայն մեր ձևաչափը յուրաքանչյուր կողմի հետ երկխոսություն վարելն է, և հենց այդ նպատակով մենք ունենք գրասենյակներ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն՝ մեր առաքելությունը մարդասիրական հարցերի շուրջ է, և մեր երկխոսության օրակարգում քաղաքական մասն ընդգրկած չէ։ Այնպես որ, այո, իրենք համաձայնում են, մենք կարող ենք ընդամենը առաջարկներ փոխանցել։  Դրա համար չեմ կարող ասել՝ վերադարձի հետ կապված  որևէ առաջընթաց կամ տեղաշարժ կա, թե ոչ, քանի որ դա մեր ասելիքը չէ»։  

  • Կիսվել: