Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի նախաձեռնած ԱԹՍ դասընթացի մասնակիցները պատրաստվում են «Հավք-2022» ամենամյա մրցույթին
Երեկ Գյումրիում տեղի է ունեցել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած անօդաչու թռչող սարքերի դասընթացի ամփոփումը: Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած պատանիները Գյումրիի ավիամոդելային խմբակի Fly Lab-ում պատրաստել են թռչող սարքեր ու սավառնակներ։
Առաջատար տեխնոլոգիաների միության նախկին գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ նախաձեռնել են ԱԹՍ-ների մեկամսյա դասընթաց, որին մասնակցության հայտ էին ներկայացրել մոտ 600 աշակերտ, օն լայն և գործնական դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել նրանցից մոտ 60-ը:
Օն լայն դասընթացի ավարտից հետո մասնակիցները եռօրյա շրջայցի հնարավորություն են ունեցել Հայաստանում նախագծող և արտադրող ԱԹՍ մի քանի ընկերություններ, որտեղ փորձառու մասնագետների օգնությամբ գործնականում կիրառել են իրենց ստացած գիտելիքները:
«ԱԹՍ սարք ունենալը դա դեռ բավարար չէ, այսինքն՝ պիտի սարքի հետ զուգահեռ ստեղծվեն նաև սարքը սպասարկող և ղեկավարող անձնակազմ, մենք այդ ուղղությամբ ենք հիմա աշխատում»,-ասում է ԱԹՍ դասընթացի տեխնիկական մասի ղեկավար Հրանտ Մանասյանը։



