Կառավարությունը Մայր տաճարի շինաշխատանքը բարեգործական է ճանաչել փետրվարին. ՀԱԵ-ի պատասխանը Աշոտյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է, թե որ փուլում է Մայր տաճարի վերակառուցումը:
«Այս պահին իրականացվում են Մայր տաճարի տարածքի բարեկարգման աշխատանքները, արևմտյան զանգակատան ամրակայումը, վեղարի շինարարական աշխատանքներն ավարտված են, օրերս խաչը տեղադրվեց, հարավային, հյուսիսային և արևելյան զանգաշտարակների վրա կատարվող շինարարական աշխատանքներն ավարտված են: Հարավայինը վերակառուցվել է ամբողջությամբ: Տոկոսային հարաբերությամբ աշխատանքների մոտ 50 տոկոսն է կատարված»,- հայտնել է Մուշեղ սրբազանը:
Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով պնդել էր, թե աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարի վերակառուցման աշխատանքները կանգնել են, քանի որ Կառավարությունը տաճարի շինարարության ծրագիրը չի ճանաչել որպես բարեգործական՝ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների արագ կատարումը:
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշել է՝ պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մայր տաճարի շինարարական աշխատանքները բարեգործական են ճանաչվել դեռ փետրվարին:
«Մենք, եթե չեմ սխալվում, նոյեմբերի վերջին ենք դիմել: Դեկտեմբեր-հունվար ժամանակամիջոցն անցել է որոշակի բանակցային փուլերի մեջ: Աշխատանքը հեշտացել է, որովհետև ծրագիրը որոշակիորեն ավելի ֆինանսապես թեթևանում է, արտերկրից նյութերի ձեռքբերումների որոշակի արտոնություններ են լինում»,- նշել է Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը: