Կանադայում 105 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը. մայրը նրան ծննդաբերել էր ձորում
Հունվարի 14-ին Կանադայի Տորոնտո քաղաքում 105 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից Եվգենյա Փափազյանը, հղում անելով Asbarez.com-ին՝ տեղեկացնում է akunq.net-ը:
Եվգենյա Փափազյանը ծնվել է Թուրքիայում՝ 1915թ.: Նա երբեք չի տեսել իր ծնողներին: Հայրը 1915 թ. բանակ գնալուց հետո այլեւս չի վերադարձել, իսկ մայրը մահացել է աղջկա ծնվելուց հետո:
Կինը բազմանդամ ընտանիք է ունեցել, սակայն հարազատներից որեւէ մեկին չի հանդիպել, քանի որ մոր մահից հետո հայտնվել է մանկատանը: Դրանից հետո սկսվել է Փափազյանի «ոդիսականը» Հունաստանի մանկատներով: Որոշ ժամանակ անց մի հայազգի զույգ Փափազյանին որդեգրել է ու Կահիրե տեղափոխել: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն եւ 15 տարեկանում ամուսնացել:
Կայքի փոխանցմամբ, 1915-ին հայերի զանգվածային տեղահանումների սկսվելուց հետո, նրա ընտանիքը փախել է լեռներ: Այդ ժամանակ ընտանիքի հարսը հղի է եղել Եվգենյայով, որին ծննդաբերել է ձորում: Այդ ժամանակ շատերը կնոջը խորհուրդ են տվել նորածնին թողնել ճանապարհին՝ հասկացնելով, որ իրենց շատ ծանր ժամանակներ են սպասվում: Սակայն կինը չի համաձայնել՝ նշելով, որ դա Աստծո դեմ մեծ մեղք կլինի:
Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց կինը հյուծվածության պատճառով մահացել է: