չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ջեբրաիլի հայկական եկեղեցու քանդումը մշակութային ցեղասպանության ակտ է. դեսպան Տողանյան

Ջեբրաիլի հայկական եկեղեցու քանդումը մշակութային ցեղասպանության ակտ է. դեսպան Տողանյան

Լեռնային Ղարաբաղի Ջեբրաիլ քաղաքում հայկական եկեղեցու քանդումը մշակութային ցեղասպանության ակտ է։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք պատերազմի ավարտից հետո, հայերի ոչնչացման շարունակությունն է, այժմ դա հոգևոր ժառանգությանն է վերաբերում։ Դա մշակութային ցեղասպանության գործընթաց է։ Այն ամենը, ինչ կապված է Հայաստանի պատմության, քրիստոնեության պատմության հետ, ոչնչացվում է Ադրբեջանի կողմից։ Այժմ BBC-ի թղթակիցները արձանագրել են միջնադարյան հայկական եկեղեցու ոչնչացումը։ Փառք Աստծո, այն, ինչ մնում է այն տարածքում, որը վերահսկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բանակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, պահպանվել է», — հայտարարել է նա։

Դեսպանի կարծիքով՝ Ադրբեջանը կոպտորեն կերպով ոտնահարում է միջազգային իրավունքը, վարում է հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականություն և խոսում է «բարիդրացիության» մասին։ Նա հավելել է, որ Ադրբեջանը նաև ոչնչացնում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները։ Օրինակ, Շուշի քաղաքում, ըստ նրա, պայթեցվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, ինչպես նաև ոչնչացվել է ԽՍՀՄ Սև մետալուրգիայի ժողկոմ Իվան Թևոսյանի հուշարձանը։

Ավելի վաղ BBC-ի լրատվական ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որում փաստագրված է Մեխակավան (Ջեբրաիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբողջական ոչնչացումը, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շրջանը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն այդ եկեղեցին արդեն պղծվել էր վերջերս Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։

  • Կիսվել: