չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Իրանցի հյուրերը Սյունիքի մարզպետի տեղակալին առաջարկություններ են փոխանցել զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին

Իրանցի հյուրերը Սյունիքի մարզպետի տեղակալին առաջարկություններ են փոխանցել զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության հարցերով պատասխանատու փոխնախագահ Մոհսեն Մոհամմադզադենին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի և Կապանում ԻԻՀ հյուպատոսության ներկայացուցիչներ, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Հայկ Հարությունյանը ողջունեց պատվիրակության այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնեց երկուստեք հարաբերությունների խորացման մեջ հետաքրքրություն ցուցաբերելու համար։

Հյուրերը նշեցին, որ շահագրգռված են սերտ համագործակցություն հաստատել «Արաս» ԱՏԳ-ի ու Հայաստանի, հատկապես հարևան Սյունիքի միջև և տեղեկատվական տեսանյութերով ներկայացրեցին «Արասը», նրա զարգացած ուղղությունները, ներդրումային հնարավորություններն ու ներուժը տարբեր բնագավառներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ, լոգիստիկա, զբոսաշրջություն և այլն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հետագա փոխգործակցության համար․ ԱՏԳ-ի ներկայացուցիչները մի շարք առաջարկություններ փոխանցեցին հատկապես զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտների համար։ Մարզպետի աշխատակազմը կուսումնասիրի դրանք ու կոնկրետ ծրագրեր կառաջարկի համատեղ իրականացման, հետագա կապերի ընդլայնման համար։

  • Կիսվել: