շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանական համարանիշներով բեռնատարը Սևանի փողոցում բախվել է գազատարին. սկսվել է գազի արտահոսք

Իրանական համարանիշներով բեռնատարը Սևանի փողոցում բախվել է գազատարին. սկսվել է գազի արտահոսք

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «МАСК» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սևանի փողոցի թիվ 116 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն  գազատար խողովակը վնասվել է և սկսվել է գազի արտահոսք:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արման Խալաթյանն ու կրտսեր պարեկ Հայկ Մկրտչյանը:

Հրշեջ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Տրանսգազ» ընկերության և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԵՐԵՎԱՆԻ ԳԳՄ -ի վթարավերականգնողական  բաժնի աշխատակիցները: 

Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել և այս պահին արդեն «Գազպրոմի» աշխատակիցները  իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ:

  • Կիսվել: