Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ այս պահին չկան: Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իսրայելական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ մշտական կապի մեջ են Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՅԴ կուսակցական կառույցների հետ։
«Բայց, բնականաբար, երկիրը լայնածավալ պատերազմի մեջ է։ Ունենք մեծ թվով հայրենակիցներ ու ազգային կառույցներ Իրանում, և կա շատ մեծ մտահոգություն։ Մտահոգությունը ոչ միայն Իրանում գտնվող մեր հայրենակիցների համար է, այլ առհասարակ մեր հարևան և բարեկամ երկրում կատարվող լայնածավալ ռազմական գործողություններն են, և կա շատ մեծ մտահոգություն Հայաստանի անվտանգության իմաստով»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում չկա վստահություն, որ գործող իշխանություններն անում են ամեն բան, որ չեզոքացնեն կամ մեղմեն հնարավոր սպառնալիքները։