շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը. նախարար

Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը. նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է եղել:

«Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով:

Նոր կազմավորված հատուկ ստորաբաժանումը դեկտեմբերի 14֊ից եռօրյա հերթափոխով 24 ժամ հսկողություն է իրականացնելու: Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու «Նիսան Պիկապ» մակնիշի ամենագնաց մեքենաները:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստրատեգիական կարևորության օբյեկտ է` տարածաշրջանային, սոցիալական, մասնավորապես՝ Արարատի մարզի սոցիալ֊տնտեսական իմաստով։ Շնորհակալություն հայտնեցի անտառ ՊՈԱԿ֊ի տնօրինությանը, ծառայության ղեկավարին, տնօրենին և փոխտնօրենին` նախագիծը կյանքի կոչելու համար և հույս հայտնեցի, որ ամենակարճ ժամկետներում արդյունավետ աշխատանքի ցուցանիշներ կգրանցվեն։
 
Կարևորեցի ՊՈԱԿ֊ի համատեղ աշխատանքը իրավապահ համակարգի, Տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների հետ։
«Հատուկ ստորաբաժանման կազմակերպումը առաջնահերթ խնդիր էր մեզ համար, քանի որ ունեինք շուրջօրյա արագ արձագանքման ծառայության կարիք»:

Առանձնակի շեշտեցի նաև նոր մշակույթ կրող աշխատակիցների համալրման կարևորությունը։ Քննարկվեց նաև 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի մանրամասները` կապված Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի հետ։ ՊՈԱԿ֊ի տնօրեն Բորիս Բաղդասարյանը նշեց, որ ձեռք բերված փաստերով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Առկա է անհրաժեշտ համագործակցություն իրավապահ մարմնի և ՊՈԱԿ֊ի միջև։
 
Այսօր կարելի է խոսել որսագողության դեպքերի բացառման մասին, ինչը պայմանավորված է թե՛ հսկող, պահնորդական խմբի մեր աշխատկիցների անձնուրաց ծառայությամբ, և թե՛ ոլորտի իրավակարգավորումների կիրառմամբ»,- գրել է նա:
 

  • Կիսվել: