երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ինձ քննադատում են իմ արտահայտած կարծիքների համար, բայց ես համամիտ չեմ շատ հարցերում մեր ավագ սերնդի հետ. Մարիամ Փաշինյան

Ինձ քննադատում են իմ արտահայտած կարծիքների համար, բայց ես համամիտ չեմ շատ հարցերում մեր ավագ սերնդի հետ. Մարիամ Փաշինյան

Այսօր Գյումրիում մեկնարկած HIGH-TECH 2019 երրորդ համաժողովին ներկա էր ու որպես խոսնակ ելույթ է ունեցել նաև վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Այս մասին հայտնում է shantnews.am կայքը։

Ըստ նրա՝ Հայաստանում երիտասարդները դեռ շարունակում են քննադատության ենթարկվել ավագ սերնդի կողմից, ինչը հատկապես նկատելի է մարզերում: Ըստ Մարիամի՝ ինքն այսօր էլ շարունակում է քննադատության ենթարկվել այս կամ այն թեմայի շուրջ իր հայտնած կարծիքների համար, ինչն իրեն ու իր նման նախաձեռնող շատ երիտասարդների դուր չի գալիս:

«Ես դա ամեն օր եմ զգում, ինձ իմ հայտնած կարծիքների համար քննադատում են, հոդվածներ գրում: Բայց ես համամիտ չեմ շատ հարցերում մեր ավագ սերնդի հետ, ես վստահում եմ մեր երիտասարդների մտքի ճկունությանը, աշխատասիրությանն ու, ինչու չէ, նաև խորամանկությանը: Ավագ սերունդը վատ է վերաբերվում այն նախաձեռնություններին, որն ունենում են երիտասարդները»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Մարիամ Փաշինյանը:

Մարիամն ասում է, որ իր ունակություններն ու հնարավորությունները ներդրել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ընդլայնելու և Աշտարակում նոր կենտրոն  հիմելու գործում, իսկ այդ հարցում նրան շատ են օգնում Տարտուի համալսարանում ստացած գիտելիքները, ինչի շնորհիվ, ըստ Մարիամի, հնարավոր է հասնել ավելիին:

«Շատ գայթակղիչ է, երբ գնում ես արտերկիր, գայթակղիչ է էնտեղ մնալը, որովհետև ամեն ինչ ավելի հեշտ է էնտեղ: Ինձ մոտ միանշանակ որոշված էր, որ ես կգնամ, էնտեղից կքաղեմ ամենապետքական, ամենաօգտակար գիտելիքները և կգամ հետ Հայաստան, ու հիմա Հայաստանում ես իմ կրթությունը երբեք չեմ փոխի ոչնչի հետ, որովհետև դրանով հնարավոր է ուղղակի հրաշքներ գործել, թեկուզ էն փաստը, որ ես ներգրավված եմ այս մեծ նախագծում, իմ գիտելիքների շնորհիվ է, որ ես ստացել եմ Տարտուի համալսարանում»,- նշել է Մարիամը:

Ըստ Մարիամի՝ հիմա փորձում են մշակել նոր ծրագրեր հայ երիտասարդների արտասահմանյան հեղինակավոր բուհեր ուղարկելու համար, բայց պայմանով, որ հետ կվերադառնան և միջազգային փորձը կկիրառեն հայրենիքում՝ տարբեր ոլորտներում:

Մարիամը նաև գտնում է, որ հարկավոր է կրթության որակը մեր երկրում բարձրացնել, ստեղծել նոր մեթոդներ, ներդնել նորը, բայց ոչ եվրոպականը:

«Ոչ թե պետք է հավասարվել միջազգային ստանդարտներին, այլ պետք է պարզապես մշակել հայկական կրթության իդեալական մոդելը, ոչ թե ասեն՝ բրիտանական կրթությունից եկեք օրինակ վերցնենք, այլ ասեն՝ եկեք հայկական կրթության մոդելը բերենք Հայաստանից: Ես ասում եմ, որ պետք է շատ աշխատանք տանել մեր երկրին համապատասխան կրթական մոդելը զարգացնելու համար»,- իր տեսակետն է հայտնել Մարիամ Փաշինյանը: 

Իսկ տեղեկատվական ոլորտում կանանց ներգրավվածության մասին խոսելիս Մարիամը նշել է, որ հայ կանայք նախաձեռնող են, ու կարող են իրենց դրսևորել ցանկացած բնագավառում:

Ճիշտ է, հիմա ունենք մեկ կին նախարար և պատգամավորներից 30-ից ավելին են կանայք,բայց շատ աշխատելու և նպատակ ունենալու դեպքում, ըստ Մարիամի, բոլորն էլ կարող են հասնել հաջողության:

  • Կիսվել: