չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինձ միշտ ասել են, որ հայ եմ ու մի օր վերադառնալու եմ ինձնից անիրավությամբ խլված երկիրը. UWC Դիլիջանի ուսանողի տատիկի պատմությունը (տեսանյութ)

Ինձ միշտ ասել են, որ հայ եմ ու մի օր վերադառնալու եմ ինձնից անիրավությամբ խլված երկիրը. UWC Դիլիջանի ուսանողի տատիկի պատմությունը (տեսանյութ)

UWC Դիլիջանի առաջին կուրսի լիբանանահայ ուսանող Գառնին ներկայացրել է իր տատիկի բացառիկ պատմությունը. նա պատրաստել է տեսաֆիլմ տատիկի մասին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթի շրջանակներում:

Այս պատմությունը UWC Դիլիջանի առաջին կուրսի ուսանող Գառնիի և իր  տատիկի մասին է: Տխուր և միաժամանակ գեղեցիկ, հույսի և Հայաստանի մասին, այնպիսի Հայաստանի, որը աշխարհով մեկ սփռված մարդկանց սրտում է, փոխանցում է galatv.am-ը:
 
«Ծնվել ու մեծացել եմ Լիբանանում: Միշտ լսել եմ պատմություններ Հայաստանի մասին, թե ինչպիսին է այն: Ինձ ուսուցանել են հայերեն բանաստեղծություններ, երգեր, պար, գրականություն: Ինձ միշտ ասել են, որ ես հայ եմ ու մի օր վերադառնալու եմ ինձնից անիրավությամբ խլված երկիրը, որ այնտեղ գտնեմ իմ տունը: Սակայն այդպես չեղավ: 
 
Իմ տեսածը լիովին տարբերվում էր իմ իմացածից: Իմ շրջապատի մարդիկ իդեալիստական մոտեցում ունեին «տան» գաղափարին: Տեղս չէի գտնում, բայց ոչ էլ օտարություն էի զգում: Դա չի նշանակում, որ իմ հայկական ինքնությունը տարբերվում է մյուսների ինքնությունից: Սփյուռքահայերը չեն ասում, որ հայ են, նրանք պարզապես հայ են: Նրանք ամեն օր խոսում են դրա մասին, նրանք սիրում են իրենց մշակույթը, նույնիսկ մի փոքր ավելին, քան պետք է, միշտ օգնության ձեռք են մեկնում միմյանց, համայնքներ են ստեղծում և հավատում այնպիսի բաների, որոնց երբեք չեն տեսել: Նրանք շփոթմունքի և գեղեցկության մարմնավորում են: Նրանց հույզերն անկեղծ են, և ոչ ոք դա չի կարող փոխել: Մենք ավելին ենք, քան մեզ հետ կատարվածը:
 
Տատիկս երբևէ Հայաստանում չի եղել, բայց նա ամեն օր ապրել է իր Հայաստանը կառուցելով, որը նրա պատկերացումներում նույնանում էր տան հետ»,- հիշեց Գառնին:

  • Կիսվել: