երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ինչպես է գործելու բուժաշխատողների լիցենզավորման համակարգը Հայաստանում

Ինչպես է գործելու բուժաշխատողների լիցենզավորման համակարգը Հայաստանում

Վերջերս ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ մոտ ապագայում երկրում կսկսվի բժշկական անձնակազմի լիցենզավորման գործընթացը: Այս հայտարարությունը նկատելի աղմուկ բարձրացրեց մամուլում և մասնագիտական համայնքում: Մտահոգությունը, մասնավորապես,  առաջացրեց այն, որ 2022 թվականի վերջում բուժաշխատողներն արդեն  ստացել են որակավորման հավաստագրեր հինգ տարվա ժամկետով: Դրանք ստանալու համար մասնագետները կուտակել են անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ,՝ հաճախ վճարովի կրեդիտավորված միջոցառումների մասնակցելով: Այժմ շատերն ունեն մտահոգություններ. հանկարծ կատարված աշխատանքը չզրոյացվի, իսկ ներդրված միջոցներն ու ջանքերն իզուր լինեն:

Ինչպե՞ս  է իրականում կազմակերպվելու լիցենզավորման նոր գործընթացը, NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Բուժաշխատողների  լիցենզավորման համակարգը կներդրվի փուլ առ փուլ

Ըստ Բազարչյանի՝ այս փուլում գործող բժիշկների լիցենզավորման մասին խոսք չի գնում: Բուժաշխատողների  լիցենզավորման համակարգի ներդրումը կիրականացվի փուլ առ փուլ և սկզբնապես կվերաբերի կլինիկական օրդինատորներին: 2025թ կլինիկական օրդինատուրա ընդունվող օրդինատորները  մինչև 2026 թվականի հունվարի 1-ը պետք է անցնեն անցումային անհատական լիցենզիա ստանալու գործընթացը՝ կենտրոնացված քննություն հանձնելով:

Յուրաքանչյուր օրդինատոր կունենա երեք փորձ՝ այն հաջողությամբ հանձնելու համար: Բազարչյանը նշել է, որ թեստերը դժվար չեն լինի. դրանք ներառում են բազային գիտելիքներ՝ բժշկական էթիկայի հիմունքներ, առաջին բուժօգնություն և այլ հիմնական ասպեկտներ: Առաջիկայում նախատեսվում է,  որ հարցերի ցանկը, ինչպես նաև անհրաժեշտ գրականությունն ու մեթոդական նյութերը կհրապարակվեն: Բացի դրանից, ըստ Բազարչյանի, ներկայում նախատեսվում է ստեղծել հնարավորություն , որի օգնությամբ քննություն հանձնողները կկարողանան նախապես պատրաստվել քննությանը:

Քննության արդյունքների հիման վրա նրանք կստանան անցումային անհատական լիցենզիա, որը թույլ կտա սահմանափակ մասնագիտական գործունեություն ծավալել  բժշկի հսկողության ներքո: Անցումային լիցենզիան ուժի մեջ կլինի մինչև օրդինատուրայի ավարտը: Այնուհետև օրդինատորները կհանձնեն ևս մեկ քննություն՝ հինգ տարի ժամկետով հիմնական լիցենզիա ստանալու համար: «Ապագայում յուրաքանչյուր հինգ տարին մեկ բուժաշխատողները կանցնեն վերալիցենզավորման գործընթաց։ Սակայն այսօր մեր ուշադրությունը կենտրոնացած է բացառապես անցումային լիցենզիայի  վրա՝ համակարգի բոլոր հնարավոր բացերը բացահայտելու և վերացնելու համար»,- ընդգծել է Բազարչյանը։

Ինչո՞ւ կլինիկական օրդինատորները

Բազարչյանը նշել է, որ կլինիկական օրդինատուրա ընդունվածների գործընթացը սկսելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այս պարագայում անցումային անհատական լիցենզիան հնարավորություն կընձեռի կլինիկական օրդինատորներին աշխատել իրենց օրդինատուրայի ընթացքում՝ բժշկի հսկեղությամբ, ինչպես նաև խոսքը գնում է համեմատաբար փոքր խմբի՝ մի քանի հարյուր, առավելագույնը հազար օրդինատորի մասին։ Սա թույլ կտա նաև աստիճանաբար փորձարկել գործընթացը և բացահայտել հնարավոր խնդիրները՝ նախքան նմանատիպ ընթացակարգերը ավելի մեծ ծավալով անցկացնելը։ Հաջորդ տարիներին լիցենզավորման համակարգը կտարածվի բոլոր ավագ բուժաշխատողների վրա, և միայն լիցենզիա ստանալուց հետո նրանց կթույլատրվի աշխատել։
Լիցենզավորման գործընթացը կվերահսկեն Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովները, որոնք նաև կմշակեն քննական առաջադրանքները։ Առողջապահության ազգային ինստիտուտը բացառապես զբաղվելու է քննական գործընթացի կազմակերպմամբ և պատասխանատու է տեխնիկական և ծրագրային ապահովման համար, ընդգծել է Բազարչյանը։

Հավաստագրերը մնում են ուժի մեջ, բայց չեն փոխարինում լիցենզիային

ԱԱԻ ղեկավարը անդրադարձավ նաև գործող բժիշկների լիցենզավորման շուրջ ստեղծված աղմուկին։ Մասնավորապես, նա ընդգծեց, որ նախկինում տրված հավաստագրերը շարունակելու են ուժի մեջ մնալ։ «Այս փաստաթղթերը տրամադրվել են այն բուժաշխատողներին, ովքեր հինգ տարվա ընթացքում կուտակել են 220 կրեդիտ ( բժիշկների  դեպքում) գիտական գործունեության կամ կրթական ծրագրերին մասնակցելու շնորհիվ: Հավաստագրերը նաև հաստատում են վերջին հինգ տարվա առնվազն երեք տարվա ստաժի առկայությունը»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, Բազարչյանը նշեց, որ հավաստագրերն  ու լիցենզիաները տարբեր նպատակներ են հետապնդում: «Եթե բժիշկը սխալ է թույլ տվել, նրան չեն կարող զրկել հավաստագրից, քանի որ այն հաստատում է նրա անցած կրթական և գիտական ուղին: Սակայն, բժշկական կամ մասնագիտական էթիկայի խախտումների  դեպքում, լիցենզիան կարող է կասեցվել կամ նույնիսկ չեղարկվել»,- պարզաբանեց նա։

Լիցենզիա ստանալու կամ հաստատելու համար պարտադիր պայման է մնում գործող հավաստագրի առկայությունը: «Այսինքն՝ որոշակի քանակությամբ կրեդիտների կուտակումը հաստատող հավաստագիրը պարտադիր պահանջ է»,- շեշտեց Բազարչյանը։

Նա հավելեց, որ լիցենզավորման գործընթացում հաշվի կառնվի տեղեկատվական համակարգում առկա մասնագետի մասին ամբողջ տեղեկությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն կրեդիտների քանակին, այլև բողոքների առկայությանը, ինչպես նաև մասնագիտական և էթիկական չափորոշիչների գրանցված խախտումներին: Եթե նման խախտումներ կան, լիցենզիա տրամադրելու գործընթացը կարող է բարդանալ, իսկ որոշ դեպքերում՝ մերժվել։

Այսպիսով, լիցենզիա ստանալու կամ վերալիցենզավորվելու ընթացակարգը հիմնված կլինի մի շարք գործոնների համադրության վրա. կուտակված կրեդիտների քանակը, քննությունների արդյունքները բժշկի մասնագիտական հեղինակությունը և էթիկայի նորմերի պահպանումը մասնագիտական գործունեության ընթացքում։

  • Կիսվել: