Ինչ պատիժ է նախատեսված ԶԼՄ-ներին արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում
ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում պարզաբանեց, թե ինչպիսի պատասխաատվության կարող են ենթարկվել զանգվածային լրատվամիջոցները, եթե չպահպանեն արտակարգ դրության ժամանակ նախատեսված սահմանափակման կանոնները։
Նշենք, որ Ազգային ժողովի կողմից Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ընդունված փոփոխությունների և լրացումների համաձայն` սահմանափակումներ են մտցվել լրատվամիջոցների գործունեության և տեղեկատվական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ:
«Այս պահի դրությամբ վարչական պատասխանատվության են ենթարկվելու այն լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ դրության ժամանակ լրատվության տարածման կանոնները։ Ընդ որում, որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով: Բացի այդ, չեն բացառվել նաև այն դեպքերը, երբ, օրինակ՝ լրատվական գործունեություն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկատվություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը, այս դեպքում ևս վրա է հասնելու վարչական պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով»,- ասաց Արփինե Սարգսյանը։



