Ադրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հաստատում է՝ այո՛, Ադրբեջանը բարձրացնում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը։
«Ասում է՝ ես նախաստորագրել եմ խաղաղության համաձայնագիրը, բայց պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է, մենք էլ ասում ենք՝ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա»,- ԱԺ-ում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Միրզոյանը։
Նա նշեց, որ այս հարցում հայկական կողմը չի կիսում ադրբեջանական կողմի մոտեցումները։
«Ադրբեջանն էլ ասում է՝ շատ լավ, մենք էլ ձեր մոտեցումները չենք կիսում»,- նշեց ԱԳՄԱ նախարարը։
Միրզոյանը վստահեցրեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հիմա ՀՀ Սահմանադրության մասով ոչինչ չի բանակցվում։
«Հայաստանն ասել է՝ մենք պատրաստ ենք օր առաջ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղն ու ժամը, այս մոտեցումը հիմա էլ է կիրառելի»,- հավելեց Արարատ Միրզոյանը։



