Ինչ միջոցառումներ են իրականացվել Քաղաքացու օրվա կապակցությամբ
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը:
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է իրականացված միջոցառումները:
Մշակութային միջոցառումներ
Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները, մշակութային ուղղվածության քոլեջների նվագախմբերը և երգչախմբերը, արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային վոկալ և պարային խմբերը: Ժամը 16:00-ից Հյուսիսային պողոտայում հնչել է տոնական երաժշտություն, կազմակերպվել է նաև հեղինակային աշխատանքների ցուցահանդես:
Բանախոսություններ Երևանում և մարզերում
Քաղաքացու օրվա շրջանակում ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են մի շարք միջոցառումներ։ ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում, իսկ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Նախարարի տեղակալները պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, նրա կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներով ու փորձառություններով են կիսվել:
Տավուշի մարզի Բերդ բնակավայրի մշակույթի տանը բանախոսությամբ հանդես է եկել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը Վայոց ձորի Շատինի միջնակարգ դպրոցում հանդիպել է տեղի երիտասարդների և բնակիչների հետ` ներկայացնելով ակադեմիական քաղաքի ծրագիրը: Բանախոսություն-հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը (Վաղարշապատի համայնքապետարան) և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը (Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց):
Բանախոսության մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց հաջողություններն ու ձեռքբերումները: Քննարկվել են նաև երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:
Դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր
Օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր: Դպրոցականները «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրել են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Նախագծային աշխատանքները հրապարակվել են դպրոցների ֆեյսբուքյան էջերում:
