շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ

Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ

Շինարարի մասնագիտական օրվա և Հայաստանի շինարարների միության հիմնադրման 30-ամյակի առթիվ շինարարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների ու շնորհակալագրերի: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, օրենսդիր, գործադիր իշխանության մարմինների և ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի, ինչպես նաև Հայաստանի շինարարների միության հիմնադրման 30-ամյակի առթիվ, նշել է, որ այս օրը լավագույն առիթն է արժևորելու այն մարդկանց նվիրումն ու աշխատանքը, որոնց ստեղծածն ու կառուցածը դեռ երկար տարիներ ծառայելու է հանրությանը՝ դառնալով երկրի դիմագծի և զարգացման անբաժանելի մասը։

Անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այն քաղաքական հանձնառության, հետևողական աշխատանքի և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հաջող օրինակ է։ Նրա խոսքով՝ տարեվերջին ծրագիրը կավարտվի, իսկ Կառավարությունն արդեն որոշել է այն շարունակել և ընդլայնել՝ նոր հնգամյա ծրագրում ներառելով ևս 300 դպրոցի, 100 մանկապարտեզի, 100 մշակույթի և սպորտի դպրոցի, 100 մարզահրապարակի և 50 առողջապահական կազմակերպության կառուցման կամ նորոգման աշխատանքները։

Ներկաներին ողջունել և շինարարներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով շինարարության և դրա որակի անմիջական ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա։ Նախարարի խոսքով՝ կարևոր է, որ իրականացվող ծրագրերի արդյունքները տեսանելի լինեն մարդկանց առօրյայում և նպաստեն նրանց կյանքի որակի բարելավմանը։

«Այն գույները, որոնցով մեր նոր դպրոցները լցնում են մեր բնակավայրերը, այն միջավայրերը, որոնք ստեղծում են նոր մանկապարտեզները մեր երեխաների համար, շինարարությունն անմիջապես դարձնում են նրանց կյանքի որակի վրա ազդող գործոն։ Հետևաբար այն աշխատանքը, որ մենք միասին կատարում ենք, պարզապես ենթակառուցվածքներ ստեղծելու մասին չէ. այն կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ այսօր կառուցվող դպրոցների և մանկապարտեզների ազդեցությունը լիարժեք տեսանելի կլինի ապագայում, քանի որ երեխաների գիտելիքներն ու հմտությունները ձևավորվում են ոչ միայն ուսումնառության ընթացքում, այլև այն միջավայրի ազդեցությամբ, որտեղ նրանք ապրում և սովորում են։ «Այդ միջավայրը, որը ստեղծվում է նաև ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, ցույց է տալիս, որ ենթակառուցվածքների ձևավորումը ռազմավարական և առանցքային նշանակություն ունի»,- ընդգծել է նախարարը։

ԿԳՄՍ նախարարը նշել է նաև, որ մեծածավալ շինարարական ծրագրերը դառնում են նոր փորձառություն և հնարավորություն՝ ընդլայնելու մասնագիտական ներուժը և բացելու զարգացման նոր հեռանկարներ։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է 2029 թվականի Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման նպատակով ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան մարզադաշտերի կառուցումը։ Նախարարն ընդգծել է, որ նման ռազմավարական նախաձեռնություն է նաև «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը, որը
Կառավարության գործունեության նոր փուլում մտնելու է վճռորոշ իրականացման շրջան։

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին նաև այս ուղղությամբ համագործակցության համար՝ ընդգծելով, որ հուշարձանների վերականգնումը պահանջում է բարձր մասնագիտական որակ և մեծ պատասխանատվություն։

«Սա չափազանց պատասխանատու աշխատանք է։ Հաշվի առնելով մեր երկրում վտանգված և անհապաղ վերականգնման կարիք ունեցող հուշարձանների մեծ թիվը, ինչպես նաև վերջին տարիներին պետական բյուջեից այս ոլորտին հատկացված աննախադեպ ֆինանսական միջոցները՝ վստահ եմ, որ շինարարության այս ուղղությունն առաջիկա տարիներին ավելի մեծ նշանակություն է ունենալու»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը կարևորել է նաև ոլորտի կրթության դերը՝ նշելով, որ շինարարական կազմակերպությունների աշխատանքի վաղվա օրը պայմանավորված է նրանով, թե այսօր ինչ որակի կրթություն է տրվում այն մասնագետներին, որոնք համալրելու են ոլորտի կադրային ներուժը։ Նրա խոսքով՝ կրթության որակի ապահովման ուղղությամբ պետությունն ունի առանձնահատուկ հանձնառություն։

Նախարարը վստահություն է հայտնել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը, միաժամանակ ընդգծելով՝ միջին մասնագիտական կրթական հաստատությունների նշանակությունը, որտեղ պատրաստվում են շինարարության ոլորտի համար առանցքային մասնագետներ։ Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ Կառավարությունն արդեն չորրորդ տարին է, ինչ իրականացնում է կրթաթոշակային հատուկ ծրագիր գերակա մասնագիտությունների, այդ թվում՝ շինարարության ոլորտի ուսանողների համար՝ խրախուսելով երիտասարդներին ընտրել այդ մասնագիտությունը՝ տրամադրելով ամսական 50 000 դրամ կրթաթոշակ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարության համար հավասարապես կարևոր են ինչպես շինարարական ընկերությունների շարունակական զարգացումը, այնպես էլ ոլորտի կադրային համալրումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ընդլայնման համար։ Եզրափակելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ոլորտի կազմակերպություններին կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը, որի շրջանակում Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ ոսկե մեդալ և շնորհակալագրեր է հանձնել ոլորտի մի շարք երախտավորների։

  • Կիսվել: