ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը և մի քանի անդամներ բերման են ենթարկվել
Այսօր Հանրապետության հրապարակի մոտակայքի այգուց բերման են ենթարկել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ այգի է եկել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, քանի որ տեղեկացել է՝ Փաշինյանը որոշել է տեղաշարժվել:
Սարգիս Կարապետյանն այդ ընթացքում իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց էր տալիս, թե ինչ իրավիճակ է այգում Փաշինյանի գալուց առաջ:
«Ըստ իմ տեղեկության՝ Փաշինյանը որոշել է տեղաշարժվել իր նստավայրից Կառավարական երրորդ մասնաշենք: Իմացել եմ այդ մասին, եկել եմ դիմավորելու տվյալ անձնավորությանը: Հիմա փորձել են տպավորություն ստանալ, թե նա կարող է ազատ շարժվել, սակայն դիպուկահարները կտուրներում դիրքավորված են, տարածքում անվտանգությունը հսկում են ոստիկանները: Ով ուզում է ինձ միանալ, Նիկոլ Փաշինյանի դեմքին թքել, թող գա, Գարեգին Նժդեհի արձանի կողքին կանգնած եմ»,-ասաց նա: