շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հույս ունեմ՝ բոլոր բուհերը շուտով կունենան ռեկտոր. Վահրամ Դումանյան

Հույս ունեմ՝ բոլոր բուհերը շուտով կունենան ռեկտոր. Վահրամ Դումանյան

Մենք առաջարկել ենք «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագիծ և սպասում ենք այդ օրենքի հաստատմանը, որից հետո, ըստ կարգի, ռեկտորների խնդիրը կլուծվի: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Ակնկալում ենք, որ այդ օրենքը ուժի մեջ է մտնելու և կարծում ենք՝ երբ ուժի մեջ կմտնի, օրենքով կլինի մրցույթ, ըստ որի կընտրվի ռեկտոր, բուհերը կունենան ռեկտորներ, իսկ ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը այդքան էլ հաջողված չէ և դա տրամաբանական է, քանի որ ժամանակավոր պաշտոնակատարը չգիտի՝ ինչքան է պաշտոնավարելու, և պաշտոնավարման ընթացքում ինչ ծրագրեր կարող է իրականացնել, բայց չնայած սրան՝ աշխատանքները գնում են»,- ասաց Դումանյանը:

Նախարարը նաև անդրադարձավ ՀԱՊՀ-ի ռեկտորի խնդրին՝ նշելով՝ կառավարությունը դեռ չի հաստատել ընտրության արդյունքները:

«Մենք որևիցե կարծիք չենք հայտնել Գոռ Վարդանյանի հետ կապված, այնտեղ կա ժամանակավոր պաշտոնակատար, որը Գոռ Վարդանյանը չէ և նա շարունակում պաշտոնավարել, իսկ ես ասել եմ՝ դեռևս չկա հրաման, կառավարությունը չի հաստատել ընտրության արդյունքները, դա չի նշանակում, որ մենք կողմ կամ դեմ ենք»,- մեկնաբանեց նա:

Ասուլիսի ընթացքում նախարարը նաև անդրադարձ կատարեց ակադեմիական քաղաքին և նշեց՝ ստեղծվելու է մի վայր, որտեղ մասնավոր բուհերը ևս կարող են տեղակայվել:

«Հրապուրիչ վայր է ստեղծվում, որտեղ ով ուզում, գնում և այդ տարածքում տեղակայվում է, եթե մասնավոր բուհը ուզենա գնալ և այդ վայրում տեղակայվել, ապա թող գնա, նա որևիցե մեկից չի հարցնելու և որևիցե պարտադրանք չկա, պետությունը ունի իր քաղաքականությունը և օգտագործում է այն իր իսկ հիմնած բուհերում»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարը նաև ընգծեց՝ բուհ կոչվելու համար այդ կառույցը պետք է պետական չափորոշիչներին համապատասխանի:

«Մասնավորը ունի իր քաղաքականությունը, սակայն, երբ մի կազմակերպություն կոչվում է բուհ, ինչքան էլ դուք ձեր քաղաքականությունը տանեք, կան հստակ չափորոշիչներ և պետք է համապատասխանել այդ չափորոշիչներին, որոնք սահմանում է պետությունը»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: