շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գիլոյանը ստում է․ բռնցքամարտիկը մերկացնում է ԿԳՄՍ փոխնախարարին

Գիլոյանը ստում է․ բռնցքամարտիկը մերկացնում է ԿԳՄՍ փոխնախարարին

Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հայտարարության հետ։ Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, եւ որտեղ էլ լինեմ, այդ փաստը միշտ կմնա։ Վիրավորված չեմ նաեւ այն մարդկանցից, ովքեր քննադատաբար մոտեցան իմ հայտարարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ անդրադառնալով իր՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկիր տեղափոխվելու վերաբերյալ գրառմանը:

«Բայց ցանկանում եմ Ձեզ հայտնել կարեւոր մեկ տեղեկություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ստել է»,- գրել է նա և ներկայացրել մանրամասներ.

«Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տալիս տանտիրոջը 800 դոլար, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։

Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, եւ գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները»:

Իսրայելյանը նաև հերքել է այն պնդումները, թե իբր 4մլն 600 հազար դրամ է ստացել ԿԳՄՍ-ից։

«Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ եւ թույլ չի տա, որ պետական ապարատում ու սպորտի ոլորտում լինեն մարդիկ, որոնք մեղմ ասած ստախոս են: Որի պատճառով իմ տված տան բեհը կորավ…»,- գրել է նա:

Նշենք, որ ըստ ԿԳՄՍ պնդումների, մարզիկը օգտվել է օրենքով սահմանված բոլոր արտոնություններից, ինչի արդյունքում անցյալ տարի նա պետությունից ստացել է ընդհանուր առմամբ 4,6 մլն դրամ։
 
Նախարարությունից ԶԼՄ-երին նաև հայտնել են, որ ԿԳՄՍ-ն պատրաստ է եղել նաև աջակցել Իսրայելյանին՝ բնակարան ձեռք բերելու հարցում, սակայն մարզիկը առաջարկված պայմաններին չի համաձայնել։
 
Իր հերթին Իսրայելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ որպես բռնցքամարտի երիտասարդների չեմպիոն՝ ոչ մի աջակցություն չի ստացել պետությունից, այդ իսկ պատճառով պատրաստվում է լքել երկիրը, հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և հանդես գալ միջազգային մրցաշարերում այլ երկրի դրոշի ներքո։
 
 

  • Կիսվել: