ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հորդորը՝ չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հորդորը՝ չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները

Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ: Այս մասին հայտնում են  «Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոն»-ից։

Կենտրոնի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Հայաստանում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս մարզերը համարվում են վտանգավոր գոտիներ, բայց ականներ կան նաև այլ շրջաններում: Այսօր Հանրապետության տարածքում ապրում է ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն ամեն տարի իրազեկում են մոտ 10000 մարդու: Այս օրերին, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակում ենք իրականացնել իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները:

Վերջին շրջանում, ավելացել են ականի և չպայթած զինամթերքի պայթյունի դեպքերը, որոնք ունեցել են նաև ծանր հետևանքներ` որոշները մահվան ելքերով: Այս կապակցությամբ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոն»-ը զգոնության կոչ է անում: Եվս մեկ անգամ հորդորում ենք չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն: Ական կամ չպայթած զինամթերք տեսնելու դեպքում, խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել: Եթե մենակ չեք, գոռացեք և զգուշացրեք մյուսներին հնարավոր վտանգի մասին, եթե մենակ եք՝ զանգահարե՛ք համապատասխան մարմիններին և սպասե՛ք մինչև մասնագետները հասնեն դեպքի վայր:

ՀԱՓԿ ՊՈԱԿ թեժ գծի հեռախոսահամար 0-8000-9000,

ԱԻՆ՝ 911,

ոստիկանություն՝ 102»։

  • Կիսվել: