ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները

Հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները

««Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել փոփոխություններ` այն համապատասխանեցնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի դրույթներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 16-ին գումարված ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ:

Ըստ փոխնախարարի` բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաեւ այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ:

Օրենսդրական փաթեթով հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել, կիրառման նպատակահարմարությունից ելնելով` փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն վերաբերող մոտեցումները:

էկոնոմիկայի փոխնախարարի տեղեկացմամբ օրենքի ընդունմամբ կբարելավվի օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումները:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսեյ Սանդիկովը:

  • Կիսվել: