երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ճանապարհային նշանների կահավորման վերաբերյալ նոր նախագիծ

Ճանապարհային նշանների կահավորման վերաբերյալ նոր նախագիծ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Նոր հոդվածը կունենա հետևյալ տեսքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) եւ կայացնում որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթեւեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ»:

Պատգամավորը նշում է, որ Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայություն կողմից տրամադրված տեղեկատվության 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով եւ վիրավորներով 5481 ճանապարհատրանսպորտային պատահար (այսուհետ ՃՏՊ), որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել՝ 7827 մարդ: 2019 թվականի ընթացքում արձանագրվել է միայն նյութական վնասով 42.344 ՃՏՊ:

«Հաշվի առնելով Երեւան համայնքում ճանապարհային երթեւեկությունը ապահովող ճանապարհային նշանների համալրվածության հարաբերականորեն բավարար մակարդակը՝ հարկ է նշել, որ ի տարբերություն Երեւանի, հեռավոր համայնքներում վերոնշյալ ոլորտի տիրում է տրամագծորեն հակառակ իրավիճակ: Համայնքներում առկա է վերոնշյալ ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման խնդիր՝ պայմանավորված ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման համար ահնրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների (եթե դրանք հետեւանք են ճանապարհային երթեվեկության անվտանգության ոչ պատշաճ ապահովման կամ պատասխանատվության ենթարկված անձի կողմից խախտման) վերհանման հետ», – նշված է նախագծում:

Այսպիսով, օրենքում հստակ ամրագրվում է կազմակերպման եւ կառավարման պարտականությունը կրող մարմինը, որը չի խոչընդոտի համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարմանը:

 

  • Կիսվել: