շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են Գողթանիկի անտառի բռնկված հրդեհը. այրվել է մոտ 4 հա  տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են Գողթանիկի անտառի բռնկված հրդեհը. այրվել է մոտ 4 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են Եղեգիս համայնքի Գողթանիկ բնա­կավայրի «Ջանի» կոչվող տարածքի անտառի հրդեհը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Օգոստոսի 10-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։

Դեպքի վայրում աշխատել են ինը փրկարար ծառայող։

Դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհը մարվել է ժամը 17:12-ին: Տարբեր օջախներով այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս համայնքի Գողթանիկ բնա­կավայրի «Ջանի» կոչվող տարածքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ճանապարհի դժվար անցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները հրդեհի օջախին մոտենալու համար ճանապարհը շարունակել են ոտքով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին: Այրվում է մոտ 4 հա բուսածածկ տարածք:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 15 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի անտառտնտեսության մասնաճյուղի 6 աշխատակից:

Ժամը 23:31-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են․ տեղում հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: