Հրդեհ Երևանի բնակելի շենքերից մեկում․ 1 հոգի տեղում բժշկական օգնություն է ստացել
Երեկ՝ ապրիլի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տերյան փողոցի շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են 3-րդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով նույն տան բնակիչ 75-ամյա Անահիտ Ն․-ին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Հայկ Միքայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյան։