շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հովակիմյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահիին փաստացի մեղադրել է ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կոռումպացված լինելու մեջ. Մելիքյան

Հովակիմյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահիին փաստացի մեղադրել է ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կոռումպացված լինելու մեջ. Մելիքյան

Իմքայլական պատգամավոր, «Սահմանադրական փոփոխությունների» նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին փաստացի մեղադրել է ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կոռումպացված լինելու մեջ՝ այն հիմքով, որ տարիներ առաջ նա պարգևատրվել է ՀՀ շքանշանով՝ ՀՀ Եվրաինտեգրմանը աջակցելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն մտքին, թե պետք չէ նույնացնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի և բուն հանձնաժողովի տեսակետները:

Մելիքյանը, մասնավորապես, նշել է. «Շատ արտահայտիչ օրինակ է։ Դե՞մ ես իմքայլականնների դարակազմիկ գաղափարներին։ Համարձակություն ունես հրապարակա՞վ չհամաձայնվել։ Ուրեմն հաստատ կոռումպացված ես։ Այլ կերպ հնարավոր չէ - ով ուզում ես եղիր։

Իմքայլականների ու նրանց աջակիցների շրջանում լայն տարածում ունեցող այս պրիմիտիվ մտայնությունը «մեդալի» միայն մի երեսն է։ Մյուս երեսը զրոյին ձգտող պրոֆեսիոնալիզմն է, է՛լ ավելի ցածր պետական մտածողությունը, բայց անվերջության ձգտող ինքնագնահատականը։

Ու ես, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ այդ էժան, ճղճիմ մտայնության մասին ես ու ինձ համախոհ մարդիկ ապրիլի 5-ին կարող ենք համապատասխան ուղերձ թողնել դե ֆակտո հանրաքվեի քվեաթերթիկի վրա։ Եթե իհարկե որոշեմ քվեարկել»։

Հիշեցնենք, որ Հովակիմյանն ասել է. «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանաշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածները ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարևորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»:

  • Կիսվել: