կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ում ունենք աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ․ Փաշինյան

ՀՀ-ում ունենք աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ․ Փաշինյան

Ամփոփվել է 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանում գրանցված և եկամտային հարկով ապահովված աշխատատեղերի թիվը, և մենք, ըստ էության, ունենք աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ՀՀ-ում: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում՝ որոշ մանրամասներ կան, որոնք հետաքրքիր են, կարծում եմ: Նախ 2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 193 737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում բացվել է 193 737 աշխատատեղ: Կարևոր է արձանագրել, որ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավելի է 37 306-ով կամ 5.3 տոկոսով»,- ասաց վարչապետը:

Նա կարևորեց աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը: «2023 թվականի դեկտեմբերին աշխատավարձի ֆոնդը, այսինքն՝ բոլոր աշխատավարձերը միասին վերցրած, կազմել է 264 մլրդ 188 մլն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 մլրդ 501 մլն դոլարով կամ 173 տոկոսով: Այսինքն՝ համախառն աշխատավարձը 173 տոկոսով 2018 թվականի մայիսից ի վեր ավելացել է, իսկ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր՝ 13,3 տոկոսով կամ 31 մլրդ դրամով. այսինքն՝ սա էլ շատ կարևոր է՝ արձանագրելու գնաճի և աշխատավարձերի աճի հարաբերակցությունը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը համեմատեց եկամտային հարկի վճարման ցուցանիշները: «2023 թվականի դեկտեմբերին եկամտային հարկը կազմել է 52 մլրդ 199 մլն դրամ, որը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 28 մլրդ 35 մլն դրամով. հիշո՞ւմ եք, որ մենք նվազեցրել էինք եկամտային հարկի դրույքաչափը, բայց կրկնակիից ավելի եկամտային հարկ ենք հավաքել»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր ցուցանիշն է մեկ մարդու բաժին հասնող միջին ամսական աշխատավարձը, որը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ և 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 179 741 դրամով կամ 101.9 տոկոսով: «Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր միջին ամսական աշխատավարձը դրամային ցուցանիշով կրկնապատկվել է: Սա կարևոր արձանագրում է: Նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 25 273 դրամ, և 7,6 տոկոս»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ աշխատատեղերի հետ կապված կա ևս մեկ կարևոր վիճակագրություն, որը պետք է ընդգծել:

«2018 թվականի դեկտեմբերին մինչև 150 հազար դրամ վարձատրությամբ աշխատողների թվաքանակն ընդհանուրի մեջ կազմում էր 60,4 տոկոս. այսինքն՝ սա աշխատավարձային ամենացածր սեգմենտն է, որը 2018 թվականի սեպտեմբերին եղել է 60,4 տոկոս: 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 43,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 17 տոկոսով ցածր աշխատավարձային սեգմենտը նվազել է:

150-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները 2018 թվականի դեկտեմբերին եղել են 31,2 տոկոս. 2023 թվականի դեկտեմբերին՝ արդեն 40,6 տոկոս. այսինքն՝ շուրջ 9 տոկոսով այստեղ աճ ունենք»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

500 հազար և ավելի աշխատավարձ ստացողների թիվը, վարչապետի խոսքով, 2018 թվականին կազմում էր ընդհանուրի մեջ 8,4 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 16,1 տոկոս: «Ըստ էության, կրկնապատկվել է, և բացարձակ թվերով ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա: 2018 թվականին 500 հազար և ավելի աշխատավարձ Հայաստանում ստացել է 49 239 մարդ, 2023 թվականին՝ 119 483 մարդ, այսինքն՝ 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը կրկնապատիկի չափով մեծացել է, ինչը, կարծում եմ՝ նաև շատ էական ցուցանիշ է:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր բյուջետային վերջին քննարկումների ժամանակ մենք արձանագրեցինք նաև, որ մեզ մոտ իրական աշխատավարձի էական աճ նույնպես տեղի է ունեցել, և եթե հիշողությունս չի դավաճանում՝ 2022 թվականի արդյունքներով իրական աշխատավարձը ՀՀ-ում աճել էր 33 տոկոսով, ինչը կարևոր ցուցանիշ է»,- ասաց նա:

  • Կիսվել: