ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ-ում տոնական քայլերթեր կանցկացվեն Սահմանադրության ու պետական խորհրդանշանների տոնին

ՀՀ-ում տոնական քայլերթեր կանցկացվեն Սահմանադրության ու պետական խորհրդանշանների տոնին

Սահմանադրության ու պետական խորհրդանշանների տոնն այս տարի Հայաստանում կնշվի տոնական քայլերթերով։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` արդարադատության նախարարության առաջարկով։

«Տոնակատարության շրջանակներում միմյանց կողք-կողքի քայլող, եռագույն դրոշը ծածանող, եռագույն շապիկը կրող անհատները՝ պետական խորհրդանշանների շուրջ համախմբված խմբերը, միասնականության, պետականության շուրջ համախմբված և զարգացումն ապահովող ապագա անհատներն են։ Մեծաքանակ քայլերթները վերաարժևորում և միասնականության ուժն են հաղորդում մասնակիցներին, բարձրացնում հայրենասիրական ոգին»,– ասված է որոշման նախագծի հիմնավրման մեջ։

Տոնական քայլերթին կմասնակցեն 4000-6000 պատանիներ և երիտասարդներ։

Տոնական միջոցառման անցկացման համար նախարարության բյուջեից կտրամադրվի շուրջ 9,9 մլն դրամ։

Հիշեցնենք՝ Հայաստանը նշում է Սահմանադրության օրը հուլիսի 5-ին:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

  • Կիսվել: