երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության գործում անելիք կա. Human Rights Watch-ի զեկույցը

ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության գործում անելիք կա. Human Rights Watch-ի զեկույցը

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը: Կազմակերպությունը, անդրադառնալով Հայաստանին, գտել է, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների, համապատասխանել են միջազգային չափորոշիչներին եւ անցել մրցակցային մթնոլորտում:

Նշվում է, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, երկրում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է մղում, ինչպես նաեւ բարեփոխումների է ձգտում տնտեսության եւ արդարադատության ոլորտներում: 

Human Rights Watch-ի զեկույցում անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի առկա խնդիրներին՝ մարդու իրավունքների ոլորտում: Նշվում է, օրինակ, որ նախորդ տարիների տարբեր ժամանակահատվածներում ՀՀ տարածքում կատարված բռնությունների եւ իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննությունը անցնում է սահմանափակումներով: Իրավապաշտպանները նշել են, որ այդ գործերի քննության մասին իշխանությունները պնդում են, թե չեն կարողանում բացահայտել բռնություն գործած անձանց ինքնությունը, մինչդեռ Հայաստանի ոստիկանությունը առավելապես խաղաղ ցույցերը ցրելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառման հարուստ պատմության ունի:

Իրավապաշտպանները նաեւ զեկույցում նշել են, որ 2008 թվականի մարտի 1-ին ցույցերի ընթացքում բռնությունների եւ սպանությունների քննությունն այժմ տարվում է, այդ օրերի իրադարձությունների գործով ՀՀ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել:

Զեկույցում նշվում է, որ ոստիկանությունը ցույցերի ժամանակ բռնություն կիրառելու մեխանիզմը կիրառում է նաեւ իշխանափոխությունից հետո: Մասնավորապես՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ նախորդ տարի տեղի ունեցան մի քանի ցույցեր, որոնցից մեկը՝ ՀՀ կառավարության դիմաց: Այդ ժամանակ ՀՀ ոստիկանությունը կարճ ժամանակով բերման էր ենթարկել որոշ ակտիվիստների, այնուհետ՝ ազատ արձակել՝ շենքին հարող հանրային այգում ցույց անցկացնելը թույլ չտալու նպատակով:

Որպես մարդու իրավունքների խախտումների շարունակություն զեկույցում կա անդրադարձ «Հայաստանում շարունակվող ընտանեկան բռնությանը»:

2019 թվականի առաջին կեսին իրավապահները Հայաստանում ընտանեկան բռնության մասին հարուցված 331 քրգործ են հետաքննել: Այս գործերով 209 պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, դատարան է հասել ընդամենը 45-ը: Այս համատեքստում միջազգային իրավապաշտպանները նշում են հայ իրավապաշտպանների աշխատանքի կարեւորությունը:

Human Rights Watch-ը որպես Հայաստանում մարդու իրավունքների խախտում անդրադարձել է նաեւ սեռական փոքրամասնությունների ու նրանց իրավունքները պաշտպանող ակտիվիստների դեմ բռնությունների դեպքերին:

  • Կիսվել: