երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում իրականացվում է 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն․ Վաչե Տերտերյան

ՀՀ-ում իրականացվում է 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն․ Վաչե Տերտերյան

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց՝ ունենք գործող վարկ, որով իրականացնում ենք ՀՀ-ում 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն, դրամավարկային ոլորտում փոփոխությունների հետևանքով մեզ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ ծրագիրն ավարտին հասցնելու համար: 

«Ծրագիրն օգտակար է, որովհետև բացի այն ֆիզիկական արդյունքից, որ կունենանք 46 սեյսմակայուն դպրոցներ, մենք ձևավորել ենք նոր մշակույթ նաև այս վարկային ծրագրի շրջանակում, մասնավորապես` վերանայել ենք մեր քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան, և այն հասցրել ենք 9 բալի սեյսմակայունության»,- պարզաբանեց Տերտերյանը:

Նրա խոսքով՝ այս վարկային համաձայնագրով նախատեսվում է ծրագրի ամբողջական իրականացման նպատակով ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ Ասիական զարգացման բանկից:

«Դպրոցների կառուցման ավարտը հիմնականում նախատեսվում է մինչև 2026 թվականը»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը: 

Նրա խոսքով՝ անվանումը «Սեյսմակայուն դպրոցաշինություն» է, սակայն այն նաև անվտանգային, հակաճգնաժամային լուրջ միջոցառում է դիտվել սկզբից ԱԶԲ-ի հետ աշխատանքներում:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը՝ 66,100,000 եվրո արժողությամբ:

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015 թ. հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրն սկսվել է 2016 թ. և նախատեսված է մինչև 2026 թ. մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար:  

Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը առնվազն 46 դպրոցի կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումն է:

Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և 15 մասնագետի վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ և այլ գործառույթներ:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները: Ներկայումս ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ: 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքերի իրականացման տարբեր փուլերում:

Համաձայն վարկային պայմանագրի՝ ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան 9 բալ երկրաշարժի դիմացկունության վկայական: Այս համատեքստում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննություններից բացի միջազգային փորձաքննության է ենթարկվում յուրաքանչյուր դպրոցի նախագիծը: Դպրոցի կառուցումը նույնպես իրականացվում է միջազգային փորձագետների հսկողության ներքո: Կառուցման աշխատանքների իրականացման ավարտից հետո դպրոցներն անցնում են միջազգային փորձաքննություն և ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով համապատասխան վկայական:

Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10,700 աշակերտի համար: Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարհանման պլանները:  

Տերտերյանը հայտնեց՝ մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%-ը:

  • Կիսվել: