ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար կձևավորվի անհրաժեշտ հարկային միջավայր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագիծը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, նախագծի նպատակը ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Բացի այդ, ըստ նախագծի, Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: