ՀՀ տարբեր մարզերում հաստատվել է 40 ուկրաինահայ ընտանիք․ պատերազմի հետևանքով Ուկրաինայից ՀՀ են ժամանել 6000-ը
Երևան, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզեր․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում, ներկայացնում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած ուկրաինահայերի տեղաբաշխվածությունը։
«Հանձնակատարի գրասենյակում այժմ հաշվառված է 40 ուկրաինահայ ընտանիք, ընդհանուր առմամբ մեր 150 հայրենակցի մասին է խոսքը»,- Ալեքսանյանի խոսքով, գրասենյակն այժմ աշխատում է և մշտական կապի մեջ է հայրենադարձների հետ։ Սա չի նշանակում, որ պատերազմի հետևանքով Հայաստան եկող ուկրաինահայերի թիվը սահմանափակվում է այսքանով․ «Շատերը դեռ շարունակում են գալ, գրանցվել և դիմումներ ներկայացնել»։
Ալեքսանյանի խոսքով, հստակ հնարավոր չէ տվյալներ ներկայացնել, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով քանի ուկրաինահայ և ռուսաստանում բնակվող հայեր են վերադարձել մեր երկիր․ «Որքան մեզ է հայտնի, պատերազմի հետևանքով շուրջ 6000 մարդ ուկրաինական փաստաթղթերով հատել է Հայաստանի սահմանը և շուրջ 5-5-5․6 հազար մարդ դուրս է եկել երկրից։ Սա նշանակում է, որ կա՛մ ընտանիքի անդամ են ունեցել և հետ են վերադարձել, կա՛մ Հայաստանն օգտագործել են, որպես տարանցիկ երկիր»։
Թեև թվային հստակ տվյալներ գոնե այս պահին չկան, բայց Ալեքսանյանի խոսքով, պատերազմի հետևանքով Հայաստան են վերադարձել և այժմ բնակվում են մեր բազմաթիվ հայրենակիցներ․ «Սակայն նրանց հաշվառումը, ընտանիքի կազմի, ապրելու վայրի ամսին տեղեկատվություն ստանալը մեզ համար շատ դժվար է։ Նման հաշվառում, եթե մեզ չեն դիմում, մենք չենք իրականացնում»։
«2022-ի առաջին եռամսյակում քաղաքացիության համար գրասենյակ դիմելու համար ստացվել է 3-3․5 հազար հայտ, հիմնականում՝ ՌԴ-ից։ Տրամադրել ենք քաղաքացիության ձեռքբերման, կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ խորհրդատվություն»,- անդրադառնալով քաղաքացիության ստացման հայտերին նշեց Ալեքսանյանը։
Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ պատերազմի հետևանքով Ուկրաինայից և ՌԴ-ից ժամանող մեր հայրենակիցների թվի հստակ որոշումը բարդացնում է այն, որ․ «Գրասենյակ հիմնականում դիմում են նրանք,ովքեր առաջին անգամ են դիմում ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու համար, Հայաստանում մշտական հաստատվելու ընթացակարգերով։ Նրանք ովքեր երկքաղաքացիներ են, արդեն իսկ մեր երկրի քաղաքացիներ են, մեզ չեն դիմում, որովհետև նրանց համար ՀՀ-ում հաստատվելու ընթացակարգերը շատ ավելի հեշտ են»։


