կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիները երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցումները կստանան էլփոստով. նախագիծ

ՀՀ քաղաքացիները երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցումները կստանան էլփոստով. նախագիծ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչև կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, և մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթում ներառված են փոփոխություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

«Եթե մեր քաղաքացիները կհանձնեն էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումն էլեկտրոնային տարբերակով, այլ ոչ Հայփոստի միջոցով և թղթային ծանուցման եղանակով, ապա այդ դեպքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 տոկոս զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, եւ, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը` հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ` հետագայում իրականացվող գործընթացներին ինտեգրվելու համար, որը թույլ կտա ամբողջովին վերացնել թղթային ծանուցումները և ամբողջական ծանուցումներն ապահովել էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով:

Անդրադառնալով երկրորդ կարևոր փոփոխությանը` Արփինե Սարգսյանը նշել է, որ առկա են շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռևս չկատարված վարչական մի շարք ակտեր, որոնք ներկայում գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային պրակտիկայում նմանատիպ օրինակներ կան, երբ պետությունը, խնայելով վարչական ռեսուրսն այս խումբ ակտերի կատարման նկատմամբ, նախատեսում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար: «Մեր դեպքում բոնուսային համակարգը հետևյալն է. եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ: Այսինքն` եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,- պարզաբանել է փոխնախարարը` հույս հայտնելով, որ նմանատիպ խթանիչ գործընթացների արդյունքում կհասնեն վարքագծային փոփոխության, ինչը կնպաստի վերջնարդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ պարտաճանաչ և պատշաճ վերաբերմունքի:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող մի շարք  այլ փոփոխություններ ևս` հիմնական զեկուցողը շեշտել է, որ դրանց ընդունմամբ հնարավորինս կթոթափվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի խնդրին, օրենսդրական փաթեթի բոլոր կարգավորումների մասով լայնամասշտաբ իրազեկման արշավների կազմակերպմանը:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարևորել է առաջարկվող փոփոխությունները:

Ելույթներում պատգամավորները կարևորել են համակարգում արդարության հաստատումը, ծանուցման` էլեկտրոնային համակարգի ներդրումը, ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելուն ուղղված քայլերը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ընդգծել է թվային դարաշրջանում թվային տեխնոլոգիաների կիրարկումը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, խոսել է բազմախողովակ ծանուցման ինստիտուտի ներդրումային անհրաժեշտության մասին:

Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով համապարփակ քննարկման, հարցադրումների համար, նշել է, որ այն կօգնի առավել մանրամասն ներկայացնել առաջարկվող կարգավորումները: Նա շեշտել է, որ նախագիծը նպատակ ունի բարելավել պետություն-քաղաքացի հարաբերությունները, վերացնել թղթային ծանուցման ռեժիմով ունեցած պրակտիկան:

Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագծերի փաթեթը վերամշակելու համար ներկայացրել է երեք առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է լուսաթափանցելիության չափանիշների չպահպանման հետ կապված խախտումների դեպքում կիրառել տուգանային երկու միավոր:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունը ներկայացված առաջարկների վերաբերյալ չունի դրական եզրակացություն` ընդգծելով, որ նման բալային փոփոխությունը չափազանց անհամաչափ մոտեցում է: Հանձնաժողովը ձեռնպահ է քվեարկել Արսեն Թորոսյանի ներկայացրած առաջարկություններին:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: