ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է և մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Արշակյան (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է և մոտ ապագայում ուժի մեջ կմտնի. Արշակյան (տեսանյութ)

Նոյեմբերի 24-ին ելույթ եմ ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

՛՛Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ, նշել եմ, որ մեծագույն ոգեւորությամբ եմ հետեւում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին եւ ուրախությամբ ենք սպասում բարեկամ Էմիրությունների կողմից նոր բարձունքների նվաճմանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջեւ ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարեւոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջեւ ընդլայնված համագործակցության օրակարգին: Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ եւ հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը։

Երկուստեք ակտիվ մասնակցություն է գրանցվում տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին եւ ցուցահանդեսներին, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային կազմակերպություններում:

Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է. մեր երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում:

2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշով, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանի եւ Էմիրությունների գործարար շրջանակների միջեւ սերտ համագործակցություն է ծավալվում:

Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ եւ ԱՄԷ միջեւ կանոնավոր ուղիղ չվերթների կարեւորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի:
Այս համատեքստում ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով եւ հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել եւ ընլայնել մեր երկրների միջեւ առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ եւ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: