ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ Վարչապետը վերաձևակերպեց իր հայտնի արտահայտությունը

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ Վարչապետը վերաձևակերպեց իր հայտնի արտահայտությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ հայտարարեց, որ կորոնավիրուսը կարող է տարածվել օդով և այս առումով էր հատկապես կարևորվում դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ Հայաստանում համաճարակը շարունակվում է, և մեկ օրվա ընթացքում գրանցվել է 526 վարակակիր, մահերի թիվը հասել է 535-ի ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներից, բայց վարակված է եղել կորոնավիրուսով։

Վարչապետն ընդգծեց, որ կառավարության հակահամաճարակային ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը։

Նա հիշեցրեց Պարետի որոշումը, որով դիմակ կրելու կանոններում որոշ փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել։

«Երեկվանից այս որոշումը բավական լայն քննարկման առարկա է դարձել և կան տեսակետներ, որ քաղաքացիները պարզապես զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց։ Դա փաստաթղթով պետք է հիմնավորված լինի և բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել, հակառակ դեպքում ոստիկանությունը պետք է կիրառի սահմանված տուգանքները։ Ընդ որում՝ տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել։ Այո, մենք ասում ենք՝ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը և այս ճանապարհին շատ հետևողական ենք լինելու։ Անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ։ Մեր նպատակը այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև այն քաղաքացիներին քաջալերենք, որոնց մոտիվացիան տուգանքից խուսափելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով»,-հայտարարեց վարչապետը։

Նշենք, որ ավելի վաղ ճանապարհային ոստիկանության տուգանքների հետ կապված այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։

  • Կիսվել: