հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2023 թվականի գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2023 թվականի գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում (ԱՄՆ) հայկական պատվիրակության կազմում մասնակցում է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին:

Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները: Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության՝ զարգացմանն ուղղված ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկիո Նիշիոն, ում ֆինանսների նախարարը հանձնել է ՄԶԸ 20-րդ համալրման շրջանակներում որպես ՄԶԸ դոնոր հանդես գալու Հայաստանի հանձնառության գործիքը, ըստ որի ՄԶԸ ռեսուրսների համալրմանն ուղղված ՀՀ ներդրումը կկազմի 700,000 հատուկ փոխառության իրավունք (շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլար): ՀԲ-ի կողմից բարձր է գնահատվել Հայաստանի՝ ՄԶԸ դոնոր դառնալու որոշումը:

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները Վաշինգտնոում հանդիպում են ունեցել նաև Վրաստանի ֆինանսների նախարարության պատվիրակության հետ: Անդրադառնալով երկու երկների ֆինանսների նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը՝ կողմերը մտքեր են փոխանակել փոխգործակցության, ներառյալ՝ փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման շուրջ:

 

  • Կիսվել: