ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 
 
Միխայիլ Մուրաշկոն շնորհավորել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը: Ռուս գործընկերն ընդգծել է, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն ծառայել:
 
Զրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարներն անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին։ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում հաջողությամբ կիրառվում է ռուսական արտադրության «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը։ Կողմերը քննարկել են նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները։
 
Հեռախոսազրույցի ժամանակ առանձնահատուկ շեշտվել է ամեն տարի անցկացվող հայ-ռուսական առողջապահական համաժողովների կարևորությունը։
 
«Ավանդույթ դարձած այս միջոցառումը մեծ ներդրում ունի առողջապահության և բժշկագիտության ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում»,- ասել է նախարար Ավանեսյանը։
 
Միխայիլ Մուրաշկոն վերահաստատել է այս տարի համաժողովը Մոսկվայում կազմակերպելու իր պատրաստակամությունը։
 
Նախարարները պայմանավորվել են աշխատանքային կարգով քննարկել առաջիկա համաժողովի օրակարգը` երկուստեք հույս հայտնելով, որ համավարակի հետ կապված մարտահրավերները չեն խոչընդոտի երկու երկրի առողջապահության բնագավառի ներկայացուցիչներին հանդիպելու և հանրային առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելուն։

  • Կիսվել: