Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմն ամենաարմատականն է 2004-ի բարեփոխումներից ի վեր. ՀԾԿՀ նախագահ
2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմն ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ոլորտի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:
Շուկայի մեկնարկից 3 տարի անց, ըստ Մեսրոպ Մեսրոպյանի, էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլետրաէներգիայի մասնաբաժինն էականորեն ավելացել է:
«Եթե մեկնարկի առաջին տարվա՝ 2022 թվականի արդյունքներով շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5,3 տոկոսը, 2023 թվականի արդյունքներով՝ այն կազմել է 20,1 տոկոս, ապա 2024 թվականի արդյունքներով արդեն իսկ կազմել է 27,8 տոկոս, իսկ 2025 թվականին կանխատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 36 տոկոսի:
Շուկայի ազատականացումն ապահովել է նաև նոր մրցակցային մասնակիցների մուտքն էլեկտրաէներգետիկական համակարգ: 2024 թվականի արդյունքներով մրցակցային հատվածում գործունեության լիցենզիա են ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող անձ՝ թրեյդերներ, 144 մրցակցային էլեկտրակայաններ, և գործել են 16 որակավորված սպառողներ:
Հանձնաժողովի կողմից լիցենզավորված 20 մատակարար կազմակերպություններից 2024 թվականին շուկայում գրանցվել և ակտիվ գործունեություն են ծավալել 6 մատակարար ընկերություններ, որոնց կողմից մրցակցային սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 1 մլրդ 54 մլն կՎտժ»,- ասաց նա:
Շուկայի ազատականացումը, ըստ Մեսրոպ Մեսրոպյանի, կողմնորոշիչ ազդակ է ոլորտում նաև օտարերկրյա ներդրումների խթանման ու ներգրավման համար:
«Պետության երաշխիքներից հրաժարվելու և ամբողջությամբ մրցակցային տիրույթում գործելու պայմանով 2024 թվականի արդյունքներով հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 20 արևային կայաններ ընդհանուր 120 ՄՎտ գումարային հզորությամբ, որոնց ներդրումն էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 28 մլրդ դրամ»,- ասաց նա: