հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Այդ չարաբաստիկ պլանի վերջնանպատակը ՀՀ ինքնիշխանության կորուստն է. Եղոյանը՝ ԱԺ-ում հրմշտոցի մասին

Այդ չարաբաստիկ պլանի վերջնանպատակը ՀՀ ինքնիշխանության կորուստն է. Եղոյանը՝ ԱԺ-ում հրմշտոցի մասին

Սա ընկերական հավաք չէ, սա քաղաքական պայքարի դահլիճ է, և այստեղ կարող է լինել վեճ հիմնականում խոսափողներից և նախատեսված ելույթի ժամերին, իսկ եթե պարոն Քոչարյանի պահվածքի նման պահվածք էլի կրկնվի, նաև՝ խոսափողից, այսինքն՝ տեղերից արձագանքների միջոցով, նրա ասածը չի կարելի թողնել անարձագանք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի վեճին, որի հետևանքով խորհրդարանի դահլիճում հրմշտոց սկսվեց:

Անդրադառնալով ծագած վեճի պատճառներին՝ Արման Եղոյանը նկատեց. «Խոսում է ԱԺ ընտրված փոխնախագահը, այսինքն՝ նախ ժողովրդի կողմից ընտրված որպես պատգամավոր, ապա՝ ԱԺ-ի կողմից ընտրված փոխնախագահ:

Աշխարհի ո՞ր մի երկրում ես պատկերացնում՝ պատգամավորը տեղից ասի՝ դու ո՞վ ես: Կարող է ասել՝ դուք վատն եք, սխալ եք, ինչ-որ տեղ կոպիտ խոսի, սխալ խոսի, բայց առանց այդ մարդուն... Այսինքն՝ չգիտի՞, թե ով է:

Իսկ ես նորից եմ ասում, ինքը ո՞վ է՝ բացի հոր տղեն լինելուց: Ի՞նչ է արել էս կյանքում առանց իր հոր: Եթե չլիներ հայրը, ի՞նչ կկարողանար աներ այս երկրում այն ամենից, ինչ արել է: Կունենա՞ր այսքան գույք: Ասում է՝ 4 մլրդ չի, քիչ է: Լավ, քիչ է, 4 մլրդ չէ, 100 մլն դոլար է, լավ 4 մլն դոլար է, կունենա՞ր»:

Արման Եղոյանը նաև կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածը կազմակերպված մեծ պլանի մի մասն է, և այդ պլանը պետք է ամեն կերպ, ամեն գնով ձախողել. «Այդ պլանը ՀՀ-ի շահերը սպասարկելու համար չի գծվել, ՀՀ-ի շահերին դեմ աշխատելու համար է գծվել: Այդ չարաբաստիկ պլանի վերջնանպատակը ՀՀ ինքնիշխանության կորուստն է, ինչպիսին մի քանի անգամ գործարկվել է»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթի շրջանակում իշխանությանն ուղղված մեղադրանքներին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը: Արշակյանը պահանջեց տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում` պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից»: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց:

  • Կիսվել: