ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ էժանագին շահարկումներից
Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:
«2018-2021թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է ընդամենը 288 772 մլն ՀՀ դրամի պայմանագիր: Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես, գրության մեջ ներկայացված տարեսկզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով:
Արդյունքում՝ 2018, 2019, 2020, 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25176, 98 934, 91 982, 72 680 մլն ՀՀ դրամ: Արդյունքում չորս տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4,5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է 288 772 մլն ՀՀ դրամ:
Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020, 2021 թվականներին օրինակ «Արմամաքս» ՍՊ-ին հատկացվել է 420 884 մլն ՀՀ դրամ: Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Tert.am-ը գրել էր. ՛՛ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ կնքել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի (1մլրդ ՀՀ դրամ) պայմանագիր: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Թորոսյանը Առողջապահության նախարարությունում պաշտոնավարել է 2018 թ. մայիսի 12-ից մինչև 2021 թ. հունվարի 18-ը:
Ընկերության հետ Առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքվել նաև Թորոսյանի պաշտոնանկությունից մոտ 1 ամիս առաջ՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ին: Պայմանագրային գումարը կազմել է 72.6 մլն դրամ:
Առաջին անգամ Առողջապահության նախարարության և ընկերության միջև պայմանագիր է կնքվել 2014 թվականին, պայմանագրային գումարը կազմել է 20.0 մլն ՀՀ դրամ՛՛: