ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հեռուստաընկերություններն են որոշում՝ տաղավարում դիմակո՞վ նկարահանում անել, թե՞ ոչ, իսկ պարետի որոշում այդ մասով չկա. Հակոբյան

Հեռուստաընկերություններն են որոշում՝ տաղավարում դիմակո՞վ նկարահանում անել, թե՞ ոչ, իսկ պարետի որոշում այդ մասով չկա. Հակոբյան

«Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՝ որքանով ես գիտեմ։ Դա թողնված է հեռուստաընկերությունների վրա. իրենք են որոշում՝ տաղավարում դիմակով նկարահանում անե՞լ, թե՞ ոչ, իսկ հստակ պարետի որոշում այդ մասով չկա»,- ասել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Ի դեպ՝ 168.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ-ում՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել փակ հանդիպում հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ ևս ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ որևէ իրավական հիմք, որով իրենք կարող են հեռուստաընկերություններին պահանջել եթերում պարտադիր կերպով դիմակ կրել` չունեն:

Հանդիպման վերաբերյալ աղբյուրի տեղեկությունը հաստատել է նաև Տիգրան Հակոբյանը, բայց նշել է՝ քանի որ հանդիպումը փակ է եղել, որևէ մանրամասն չի կարող ներկայացնել։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունից այցելել են ՛՛Արմնյուզ՛՛ և TV 5 հեռուստաընկերություններ և արձանագրություններ կազմել այդ ՀԸ-ների հաղորդավարների նկատմամբ՝ եթերում դիմակ չկրելու համար:

  • Կիսվել: