երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ՀԲՄ-ն ամփոփել է լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը

ՀԲՄ-ն ամփոփել է լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը

Ամփոփվեցին նախորդ տարի Հայաստանի բանկերի միության կողմից հայտարարված «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը և տնտեսական լրագրողների համար անցկացված սեմինարների շարքը:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթում այս անգամ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող Արշալույս Մղդեսյանը, «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգում՝ Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև» հաղորդման հեղինակ Աստղիկ Փիլիպոսյանը, իսկ «Լավագույն առցանց հոդված» անվանակարգում՝ «Հետք» լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանը։

Մրցութային անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողներն արժանացել են դրամական մրցանակների:

«Հանրության շրջանում ֆինանսաբանկային ոլորտն առավել հասկանալի և ընկալելի դարձնելու գործում մեր կողմից մշտապես կարևորվել է համագործակցությունը նաև լրագրողական համայնքի հետ, քանզի հանրությունն առաջին հերթին իրենց միջոցով է իրազեկվում ոլորտային նորություններին, և նրանց պրոֆեսիոնալ աշխատանքից է նաև կախված հանրության արձագանքը այս կամ այն փոփոխությանը։ Եվ որպեսզի մատուցվող լրագրողական նյութերը լինեն գրագետ ու ընկալելի, մենք նույնպես այս հարցում պետք է ունենանք մեր ներդրումը՝ հանդես գալով նմանօրինակ նախաձեռնություններով»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Անանյանը:

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, կարևորելով տնտեսության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ շարունակական համագործակցության ամրապնդումը, նշեց, որ լրագրողական մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի վերաբերյալ անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանումը:

Նշենք, որ տնտեսական լրագրողների համար կազմակերպված 10 առանձին սեմինարները մեկնարկել էին 2020թ. օգոստոսից, այդ ընթացքում դասախոսություններով հանդես են եկել տարբեր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հարստացրել են լրագրողների ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքները՝ միասին քննարկելով նաև արդիական խնդիրներ:

  • Կիսվել: