կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայփոստը» ոչ բոլոր ընտրողներին է ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի հասցեի մասին

«Հայփոստը» ոչ բոլոր ընտրողներին է ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի հասցեի մասին

«Հայփոստ» ընկերությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ ոչ բոլոր ընտրողներին է նամակով ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի համարի ու տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին, մինչդեռ դա Ընտրական օրենսգրքի պահանջ է։

Այս պահին պարզ չէ, թե ընտրողների որ մասն է ստացել, և քանիսը չեն ստացել ծանուցում, սակայն «Ազատության» հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ հայտնել են, որ չեն ծանուցվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, իր հերթին, ահազանգեր է ստացել տարբեր քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ չգիտեն, թե որտեղ պետք է քվեարկեն։

Ըստ քաղաքացիների անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն)՝ ընտրատեղամասերի համարները և գտնվելու վայրերը տեղադրված են elections.am կայքում, սակայն դա էլեկտրոնային ռեսուրս է, և բոլոր ընտրողները չէ, որ գիտեն ընտրողների ռեգիստրի մասին և կարողանում են դրանից օգտվել։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ԿԸՀ-ում ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ՆԳՆ-ն փոստային ծանուցման ծառայության մատուցման մասին պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ, և վերջինս պարտավոր էր բոլոր ծանուցումները ժամանակին հասցնել ընտրողներին։ Ընդ որում, «Հայփոստը» մասնավոր ընկերություն չէ, դրա բաժնետերը և սեփականատերը ՀՀ-ն է, ընկերությունը կառավարվում է Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից։

  • Կիսվել: