երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Հայփոստը» հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

«Հայփոստը» հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

«Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդում են, որ ընկերությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով:

«Հայփոստի» հնգամյա ռազմավարության համաձայն՝ առաջիկայում ընկերությունը «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպության միջոցով ակտիվ գործունեություն պետք է ծավալի ֆինանսական շուկայում:

«Փոստ Կրեդիտ» համակարգը մեր երկրում կապահովի հասանելի ֆինանսական ծառայություններ, վարկավորման շուկայում նոր մոտեցումներ, ինչպես նաև կարևոր գործոն կդառնա «Հայփոստի»՝ «Գյուղում՝ ինչպես քաղաքում» գլոբալ ծրագրի իրագործման մեջ: «Հայփոստի» դուստր կազմակերպությունը մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն մեր սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին:

«Հայփոստ» ՓԲԸ զարգացման հնգամյա ռազմավարությունը մշակել է միջազգային ճանաչում ունեցող «Դելոյթ» ընկերությունը: Խորհրդատվական թիմում ընդգրկված են եղել փոստային և փոստային-ֆինանսական ծառայությունների ոլորտի ճանաչված փորձագետներ: Ռազմավարությունը մշակվել է ծավալուն և մանրակրկիտ ուսումնասիրությունների ու վելուծությունների հիման վրա:

«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշում է. «Աշխարհի փոստային լավագույն ընկերություններն աշխատում են հիմնական հինգ ուղղություններով: Կարևոր ուղղություններից մեկը փոստային ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել: «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպությունն առաջիկայում շատ կարևոր և եզակի դերակատարում կունենա Հայաստանի ֆինանսավարկային շուկայում առկա բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաև կնպաստի «Հայփոստի» զարգացմանը: Մենք նոր գաղափարներ և նոր մոտեցումներ ենք ներմուծելու վարկավորման ծառայություններում»:

Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր:

  • Կիսվել: