կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
«Հայփոստ»-ի ո՞ր ծառայությունների գները կբարձրանան փետրվարից

«Հայփոստ»-ի ո՞ր ծառայությունների գները կբարձրանան փետրվարից

Մամուլում օրերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել:

Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ:

Օրինակ՝ ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ, իսկ պատվիրված նամակի (մինչև 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ:

Պատվիրված ծանրոցի դեպքում սակագին դեռևս չկա, չնայած «Հայփոստ»-ն առաջարկում է սահմանել 0-ից մինչև 1000 գրամի դեպքում՝ 1000 դրամ, 1001 կգ-ից մինչև 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ-ի դիմաց՝ 200 դրամ:

168.am-ի հետ զրույցում «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը հաստատեց այս տեղեկությունը՝ մանրամասնելով.

«Մենք հայտ ենք ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և խնդիրն այն է, որ 2001 թվականից գնային փոփոխություն չի եղել առ այսօր, իսկ աշխարհում այս 20 տարվա մեջ ամեն ինչ երևի կրկնակի թանկացել է: Կորոնավիրուսով էլ պայմանավորված՝ սարսափելի թանկացումներ են եղել, քանի որ կա չվերթերի պակաս, պահեստավորման խնդիր, և այլն: Վերջին տարիներին մենք անընդհատ վնասով ենք աշխատել: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հիմնականում ներհանրապետական նամակները պետական ծառայությունների ուղարկած նամակներն են, ինչպես նաև խոշոր բիզնեսի ուղարկած նամակները՝ տարբեր կազմակերպություններին:

Հիմա, ցավոք, նամակներ մեր ժողովուրդը չի ուղարկում: Թանկանալու են նաև միջազգային առաքանիները: Չնայած, կարելի է ասել՝ ոչ թե թանկանալու են, այլ գները կարգավորվելու են: Առաջ ամեն պետություն ուղարկելիս գործում էր տվյալ պետության համար սակագին, հիմա աշխարհը բաժանված է 10 զոնաների, և այդպես է լինելու:

Օրինակ, ԱՄՆ-ի, Եվրոպայի ուղղությամբ թանկացումներ լինելու են, որովհետև այդտեղ մենք սարսափելի վնասներ ենք կրել: Հիմա գների սանդղակը դրվում է այն հաշվարկով, որ մարդիկ ավելի շատ պատվիրված նամակ ուղարկեն, կարողանան հետևել, թե իրենց նամակն ուր հասավ: Արդեն նաև մի շարք նորարարություններ են կատարվել, գործում է առաքման ծառայություն: Օրինակ, արտերկրից ստացած ծանրոցն առաքում են 500 դրամով»:

Հարցին, սա ենթադրո՞ւմ է նաև աշխատակիցների աշխատավարձի բարձրացում, «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատուն պատասխանեց.

«Ցանկալի է, որ այս բոլոր փոփոխություններից հետո և իրավիճակի լավանալուց հետո բարձրանա նաև աշխատավարձը: Բացի այս, մենք պետությունից դոտացիա՝ ֆինանսական օգնություն չենք ստանում, հետևաբար, ինչպես ցանկացած կազմակերպություն, «Հայփոստը» ևս պետք է զարգանա, իսկ դրա համար միջոցներ են անհրաժեշտ: Եվ, եթե մենք մեր հիմնական ծառայություններում վնասով ենք աշխատում և հարակից ծառայություններով փորձում ենք փակել այն, դա վնասում է ընդհանուր համակարգին: Պետք էլ չէ, որ միջոցներ խնդրի պետությունից, դրա համար լավ կլինի, որ ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, այսինքն, տրամաբանված գներ սահմանված լինեն, ընկերությունն ունենա օգուտ և զարգանա:

Օրինակ, մեր հարևան Վրաստանում այն ծառայությունը, որը մեզ մոտ 300 դրամ է, իրենց մոտ մոտավոր 600 դրամ է: Գնային կարգավորումների առումով մենք շատ հետ ենք մնացել, հետևաբար, փորձում ենք դաշտը կարգավորել: Երկրի ներսում ծառայության սակագների բարձրացումն առաջարկվում է կիրառել փետրվարի մեկից, իսկ միջազգայինի դեպքում՝ հունվարի մեկից»:

Հավելենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «Հայփոստ»-ի հայտը, հետևաբար՝ հնարավոր է, որ ընկերության առաջարկած սակագները փոփոխության ենթարկվեն:

 

  • Կիսվել: