շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան

Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան

Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:

«Ազատությունը» այս տեղեկությունը ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չունի, քանի որ անցած տարի Բաքվում ադրբեջանական կողմի պահանջով փակվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը և միջազգային մի շարք այլ կառույցներ:

Սիրանույշ Սահակյան. - Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել:

«Ազատություն». - Այսինքն ծանր դեպքեր ունե՞նք այս պահի դրությամբ:

Սահակյան. - Այո, նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ: Ինքնուրույն ստուգելու հնարավորություն չունենք, իհարկե չեմ կարծում, որ ընտանիքները ունեն շարժառիթ սխալ կամ սուտ տեղեկություն ներկայացնելու, այս պահին մենք վստահում ենք այդ տեղեկատվությանը:

«Ազատություն». - Ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը:

Սահակյան. - Այդ թվում կոտրվածքներ:

«Ազատություն». - Այսինքն բռնությա՞ն հետևանքով կոտրվածքներ:

Սահակյան. - Չենք բացառում: Պատճառները չենք կարող վեր հանել, բայց մի քանի ահազանգի պարագայում դա եղած առողջական վիճակի սրման ահազանգ է, բայց կան դեպքեր, որոնք բռնության կամ միջամտության տարրեր կարող են ենթադրել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: