«Հայկական փառատոն և տոնավաճառ» Վիլնյուսում
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ս․թ․ օգոստոսի 15-ին Վիլնյուսի կենտրոնական «Բերնարդին» զբոսայգում կկազմակերպի «Հայկական փառատոն և տոնավաճառ»՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Լիտվայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման 35-ամյակին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։
«Միջոցառումը կազմակերպվում է Լիտվայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի և Լիտվայի հայկական համայնքային կառույցների հետ համատեղ՝ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Փառատոնի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական արտադրանքի բազմազանությանը, համտեսելու ազգային խոհանոցի ուտեստներ, հայկական գինի և այլ խմիչքներ, ինչպես նաև ցանկության դեպքում ձեռք բերել բարձրորակ սննդամթերք, պահածոներ, ձեռագործ աշխատանքներ և ավանդական ու ժամանակակից հայկական հուշանվերներ։
Միջոցառման շրջանակում նախատեսված է նաև մշակութային ծրագիր, որի ընթացքում կներկայացվեն հայկական երաժշտությունը, պարը և ազգային ավանդույթները՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի հարուստ մշակույթը:
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու հայկական փառատոնին և վայելելու հայկական խոհանոցը, մշակույթն ու արտադրանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։



