շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող, բայց ընդհանուր պատմական ժառանգությամբ միավորված՝ հայկական Գառնին ու չինական Դունհուանը դարեր շարունակ եղել են կարևոր քաղաքակրթական խաչմերուկներ։

Այսօր, երբ Հայաստանի և Չինաստանի միջև կապերը շարունակում են զարգանալ, իսկ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունն ու ապագային միտված այլ նախագծերը նոր թափ են ստանում, երկու համայնքները նպատակ ունեն ամրապնդել և պաշտոնական դարձնել իրենց համագործակցությունը։

2025 թվականին Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը մասնակցել է Դունհուանում անցկացված համաժողովին, որի ընթացքում կողմերը ստորագրել են քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մտադրության մասին նամակ։

Երկու բնակավայրերն էլ ժամանակին մեծապես զարգացել են Մետաքսի բանուկ ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ։ Դարեր առաջ հենց այս ճանապարհին իրականացվող ապրանքների, գաղափարների, կրոնների և մշակույթների փոխանակումն էր, որ բացառիկ մշակութային և ճարտարապետական ժառանգություն թողեց։

Դունհուանը գտնվում է Չինաստանի Գանսու նահանգում, որը հայտնի է ոչ միայն Մետաքսի ճանապարհի հարուստ ժառանգությամբ, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոգաոյի քարանձավներով և գունավոր Ջանգեյ Դանսա լեռներով։

Գտնվելով Տիբեթյան բարձրավանդակի և Գոբի անապատի միջև՝ Գանսուն մշտապես համարվել է կենսական ռազմավարական կապող օղակ, որը միավորել է Չինաստանի կենտրոնական շրջանները Կենտրոնական Ասիայի հետ։

Իսկ Գառնին, իհարկե, առավել հայտնի է իր համանուն տաճարով։ Գառնու տաճարը նախաքրիստոնեական Հայաստանի ամենալավ պահպանված հուշարձանն է և երկրում կանգուն մնացած հունահռոմեական ոճի միակ հեթանոսական տաճարը։

Պատասխանելով քույր քաղաքների հարաբերությունների վերջնական հաստատման գործընթացի վերաբերյալ հարցին՝ Գանսու նահանգի Ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակն «Արմենպրես»-ին հայտնել է, որ երկու համայնքների միջև հաստատվել են կապեր, տարբեր առիթներով կողմերը փոխանակվում են շնորհավորանքներով, ստեղծվել են համատեղ միջոցառումների համակարգման կանոնավոր մեխանիզմեր։ Գանսուից նշում են, որ շարունակական փոխանակումներով հետևողականորեն ամրապնդվում են երկկողմ հարաբերությունները։

Գանսու նահանգի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ պատրաստ են առաջ մղել Գառնիի և Դունհուանի միջև քույր քաղաքների հարաբերությունների պաշտոնական հաստատման գործընթացը։

«Մենք Հայաստանի Կոտայքի մարզի Գառնի համայնքը ներառել ենք բարեկամական կապերի զարգացման առաջնահերթ քաղաքների ցանկում։ Տարվա երկրորդ կեսին նախատեսված մի շարք խոշոր միջազգային մշակութային միջոցառումների շրջանակում մենք պաշտոնապես հրավիրել ենք Գառնի համայնքին մասնակցելու դրանց՝ երկու համայնքների միջև բարեկամական փոխանակումների կանոնավոր և երկարաժամկետ ձևաչափն առավել ամրապնդելու նպատակով»,- նահանգի վարչական կենտրոն Լանժոու կատարած այցի ընթացքում «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել են արտաքին գործերի գրասենյակից։

Տեղի իշխանությունները նաև ընդգծել են, որ երկու համայնքների միջև առկա է «համագործակցության բարձր աստիճան»։

«Նախնական շփումների ամուր հիմքի վրա կողմերը նախանշել են վեց գործնական համագործակցության նախագիծ, որոնք իրագործելի են, կենսունակ և ունեն շոշափելի արդյունք ապահովելու ներուժ»,- նշել են գերատեսչությունից։

Համագործակցության ուղղությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, թվայնացման ծրագրերը, երիտասարդական ու գիտական նախագծերով փոխանակումները, ինչպես նաև քաղաքային կառավարման և էկոլոգիական կայուն զարգացման ոլորտներում փորձի փոխանակման նախագիծը։

Գանսու նահանգի արտաքին գործերի գրասենյակի փոխանցմամբ՝ խոշոր դիվանագիտական միջոցառումների և մշակութային ու զբոսաշրջային փառատոնների ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ կողմերը կկազմակերպեն երկկողմ փոխայցելություններ և առցանց խորհրդակցություններ՝ շարունակաբար խորացնելով պաշտոնական մակարդակում ռազմավարական փոխվստահությունը։

«Քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին մտադրությունը կյանքի կոչելով՝ երկու համայնքները համակողմանիորեն կխթանեն տարբեր ոլորտներում նախագծերի համադրման, ռեսուրսների փոխանակման և փորձի փոխանակման գործընթացները։ Դա կնպաստի բազմամակարդակ փոխգործակցության ակտիվացմանը, շարունակաբար կամրապնդի քույր քաղաքների համագործակցության հիմքերը և կանոնակարգված կերպով առաջ կմղի քույր քաղաքների հարաբերությունների պաշտոնական հաստատման գործընթացը»,- նշել են չինական կողմից։

Գործընկերության կարևոր կետերից մեկն էլ փորձի փոխանակումն է պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում։

«Օգտագործելով Դունհուանի մշակութային արժեքների վերականգնման, ինչպես նաև թվայնացման և պահպանման ոլորտներում կուտակած փորձն ու տեխնոլոգիաները և դրանք համադրելով Գառնի համայնքի՝ հին հռոմեական քարաշեն ավերակների ու խճանկարային ժառանգության հարուստ պաշարների հետ՝ կողմերը պարբերաբար առցանց հանդիպումներ կանցկացնեն թանգարանային մասնագետների միջև և կկիսվեն հաջողված փորձով։ Բացի այդ, տեխնիկական աջակցություն կտրամադրվի Գառնիի հնավայրերի թվային արխիվացման համար»,- հայտնել են Գանսուի իշխանությունները։

Բացի այդ, Գանսու նահանգի արտաքին գործերի գրասենյակի տվյալներով, համապատասխան ժամանակահատվածներում կկազմակերպվեն երկկողմ ուսումնաճանաչողական այցեր, տեխնիկական մասնագետների փոխադարձ վերապատրաստումներ, ինչպես նաև հուշարձանների պահպանության ծրագրերի շուրջ համատեղ հետազոտություններ։

Զբոսաշրջության խթանման նպատակով երկու համայնքները համատեղ կմշակեն Մետաքսի ճանապարհին նվիրված ուսումնաճանաչողական ծրագրեր, կկազմակերպեն մշակույթի և զբոսաշրջության ոլորտի մասնագետների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև փոխադարձաբար միմյանց կհրավիրեն մասնակցելու երկու քաղաքներում անցկացվող կարևոր մշակութային և զբոսաշրջային ցուցահանդեսներին ու թեմատիկ ներկայացումներին։

«Երկու համայնքների միջև քաղաքակրթությունների փոխմիավորման և խաղաղ երկխոսության զարգացման գաղափարախոսության հիման վրա կողմերը կխթանեն երկու վայրերի հանրակրթական դպրոցների միջև գործընկերության և բարեկամական կապերի հաստատումը։ Կկազմակերպվեն կանոնավոր միջազգային նամակագրական ծրագրեր և առցանց ուսումնական փոխանակումներ։ Կողմերը համատեղ կանցկացնեն երիտասարդների գեղագրության, գեղանկարչության և ժողովրդական արվեստի առցանց համատեղ ցուցահանդեսներ, ինչպես նաև արվեստի խմբեր կուղարկեն երկու քաղաքներում անցկացվող խոշոր մշակութային միջոցառումներին մասնակցելու համար՝ շարունակաբար ամրապնդելով հասարակական մակարդակում ձևավորված բարեկամության հիմքերը»։

Օգտվելով Դունհուանի՝ անապատային էկոհամակարգերի վերականգնման, մշակութային ժառանգության օբյեկտների արդյունավետ կառավարման և Գոբիի քաղաքների կանաչ զարգացման փորձից, ինչպես նաև Գառնի համայնքի՝ լեռնային էկոհամակարգերի պահպանության և գյուղական մշակութային զբոսաշրջությունը գյուղատնտեսության ու անասնապահության հետ համատեղելու փորձառությունից՝ երկու կողմերը կանոնավոր կերպով փորձի փոխանակում կանեն էկոլոգիական կառավարման, քաղաքային միջավայրի կառավարման և կայուն մշակութային զբոսաշրջության զարգացման ոլորտներում։

«Առաջիկայում մեր քաղաքը կենտրոնանալու է վերը նշված գործնական նախաձեռնությունների իրականացման վրա։ Օգտագործելով մշակութային, զբոսաշրջային և դիվանագիտական առանցքային հարթակները՝ մենք հետևողականորեն կխթանենք երկկողմ այցերը, նախագծերի և գործնական ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ, կարգավորված ընթացակարգով կշարունակենք քույր քաղաքների հարաբերությունների հաստատման և պաշտոնական ձևավորման գործընթացը՝ ձգտելով ստեղծել Գանսու նահանգի և Հայաստանի միջև տեղական բարեկամական համագործակցության օրինակելի մոդել»,- «Արմենպրես»-ին հայտնել են Գանսու նահանգի արտաքին գործերի գրասենյակից։

Գանսուի պատմական նշանակության առանցքում է Հեքսիի միջանցքը, որը հաճախ անվանում են Հին Մետաքսի ճանապարհի «ոսկե անցում»։ Մոտ 1000 կիլոմետր երկարությամբ այս լեռնաանապատային ուղին կապում էր Չինաստանի կենտրոնական շրջանները արևմտյան տարածքների հետ՝ ծառայելով որպես առևտրի և մշակութային փոխանակումների կարևոր միջանցք։

Դունհուանը Հին Մետաքսի ճանապարհի գլխավոր կանգառներից մեկն էր՝ զբաղեցնելով ռազմավարական դիրք այն խաչմերուկում, որտեղ միավորվում էին Տակլամական անապատը շրջանցող հյուսիսային և հարավային երթուղիները։ Այն նաև Հեքսիի նեղ միջանցքի արևմտյան դարպասն էր, որով հնարավոր էր անմիջապես հասնել Չինաստանի հին մայրաքաղաքներ Չանան (ներկայիս Սիան) և Լոյան։

Դունհուանում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոգաոյի քարանձավները, որոնք հայտնի են նաև որպես «Հազար Բուդդաների քարանձավ»։

Կարդացեք հոդվածը` English
 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1256420

  • Կիսվել: