ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին բաց է լինելու բոլոր այցելուների համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին բաց է լինելու բոլոր այցելուների համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին աշխատելու է 10:00-20:00-ն՝ դռները բաց են լինելու բոլոր այցելուների համար։ Հրավիրված ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ այդ օրը սպասվում են նաև պատվիրակությունների այցելություններ։ Ներկայում հաստատված է ֆրանսիական պատվիրակությունների այցելությունը։

«Ապրիլի 24-ին թանգարանը գործելու է արտակարգ ռեժիմով։ Թանգարանի մուտքն անվճար է, բոլոր ցանկացողներն, անկախ նրանից պատվիրակության կազմով են եկել, թե ոչ, կարող են այցելել։ Ամբողջ օրն ընդունելու ենք մեր այցելություններին»,-ասաց Էդիտա Գզոյանը։

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվելու է ժամանակավոր ցուցադրություն «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով։ Ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, բայց և միևնույն ժամանակ նրա արտասովոր քաջության և տոկունության ներկայացումը:

«Այս ցուցադրության միջոցով ցանկանում ենք անդրադառնալ Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց ճակատագրին, նրանց դերին, առաքելությանը։ Առանձին խորագրերով ներկայացված են մինչև ցեղասպանությունը հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների հետ կապված հարցեր: Ցուցադրությունում ներկայացված են հայ կանանց անհատական պատմություններ»,-ասաց Էդիտա Գզոյանը։

Ցուցադրության մեջ ներկայացված են հայ կնոջ կյանքի ու կենցաղի հետ կապված անձնական բազմաթիվ իրեր, բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թ. ապրիլը:

  • Կիսվել: