շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկական Կարմիր խաչի ընկերության անդամներն ահազանգում են

Հայկական Կարմիր խաչի ընկերության անդամներն ահազանգում են

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ահազանգ է հնչեցրել, տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից:

՛՛Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, երկար ու ձիգ տարիներ անդադար աշխատել է Ազգային ընկերության կարողությունների զարգացման վրա՝ ստեղծելով ինստիտուցիոնալ կարողությունների ահռելի բազա և կարող մարդկային ռեսուրս՝ ապահովելով մատուցվող ծառայությունների բարձր որակը և պետության առաջ ծառացած մարտահրավերիներին պատշաճ արձագանքը։

Հայկական Կարմիր խաչի ընկերություն ասելով մենք նկատի ունենք ՀՀ բոլոր մարզերում առկա բարելավված և հզորացած կարողություններով մարզային, տարածքային և համայնքային մասնաճյուղերը՝ աշխատակազմով, կամավորներով և անդամներով, որոնք հանդիսանում են այդ կարողության և մարդասիրական արժեքների հիմնական կրողը՝ տարածելով մարդասիրական արժեքներն ամենուրեք։ Ներկայումս ՀԿԽԸ-ն՝ ըստ մեր միջազգային գործընկերների, Եվրոպական տարածաշրջանի առաջատար Ազգային ընկերություններից մեկն է։

Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճգնաժամի մեջ է։ Անտեսվել են Կարմիր խաչի միջազգային շարժման հիմք հանդիսացող սկզբունքները, ոտնահարվել է կազմակերպության կանոնադրությունը, որը համահունչ է Շարժման պահանջներին՝ հաշվի առնելով ՀԿԽԸ անդամակցությունը Կարմիր խաչի միջազգային շարժմանը։ Ապօրինի ղեկավարությունը զավթել է ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը, անկարողության պատճառով խաթարել ՀԿԽԸ բնականոն գործունեությունը։ Արդյունքում տուժում են տասնյակ հազարավոր շահառուներ, լրջագույն վնաս է հասցվում կազմակերպության հեղինակությանը։

Սույնով մենք՝ ՀԿԽԸ ազգային, մարզային և համայնքային մակարդակում գործող կառույցների ղեկավարները և աշխատակազմը, կամավորներն ու անդամները, հայտնում ենք, որ մերժում ենք նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի կողմից ապօրինի նշանակված, մեր կազմակերպության հիմքերը խարխլող ղեկավարությանը՝ կարևորելով Կարմիր խաչի շարժման և ժողովրդավարության սկզբունքները, չհանդուրժելով ՀԿԽԸ 11 մարզային և համայնքային մասնաճյուղերի ընտրելու իրավունք ունեցող՝ 68-ից 59 պատվիրակների պահանջով և անդամների 1/3-ի ձայնով սեփական օրակարգով համագումար հրավիրելու կանոնադրական իրավունքի անտեսումը, համագումարի՝ որպես ՀԿԽԸ բարձրագույն մարմնի դերի նսեմացումը։

Այդ համագումարը փետրվարի 15-ին՝ ՀԿԽԸ կանոնադրության և ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի տառին համապատասխան, կատարել է իր գործառույթները՝ ընտրելով օրինական Նախագահ և Նախագահության անդամներ։

Օրինական ղեկավարության մուտքը ՀԿԽԸ այսօր ապօրինաբար արգելափակված է Կենտրոնական գրասենյակը զավթած անձանց կողմից։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ մեր բոլոր գործընկերներին, կանգնել Ազգային ընկերության կողքին և, իրենց իրավասությունների շրջանակներում, ժամ առաջ աջակցել կառույցի փրկությանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: